Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկաթուղին կգործի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, աշխատանքային խմբի քննարկման արդյունքում. «Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, և ահա Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանն այս ամենը արձանագրվեց»:

«Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե ստացվի Թուրքիայի հետ երկխոսությունը, ապա այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. «Մենք պիտի սկսենք երկաթուղու բուն շինարարությունը: Ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, ոչ էլ ուզում եմ թերագնահատել: Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը ես հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք: Այն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե նաև քաղաքական և անվտանգային միջավայրը»:

Նա նաև հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ շփումները շարունակելու, որպեսզի հաղթահարվեն առկա տարաձայնությունները: