Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով

Առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով
Հայաստան
12:36, 16 декабрь 2021
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց և ընդունվեց Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ խոսքը հատկապես վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտին, և ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ինստիտուտը փոխարինել մեկ այլ ինստիտուտով՝ լրացուցիչ տեղակալի հաստիք նախատեսելով, քանի որ տեղակալների թիվը կանոնակարգվում է օրենքով և այդ տեղակալին վերապահել այն գործառույթները, որոնք որ գլխավոր ճարտարապետը, որպես ինստիտուտ Երևանում իրականացնում է։

«Երևանն ունի շատ ինստիտուտներ, որոնք որ Երևանի ճարտարապետական և նաև մասնակի քաղաքաշինական խնդիրների լուծումով զբաղվում են, դրանք և՛ «Երևանի  նախագիծն» է, և՛ ամենատարբեր խորհուրդներ, հասարակական և Երևանի քաղաքապետարանին կից, որոնք աշխատում են այս ուղղությամբ։ Եվ գլխավոր ճարտարապետն ըստ էության, իրականացնում է վարչարարություն, այդ բոլոր ինստիտուտներն աշխատեցնելու, այդ բոլոր ինստիտուտների կարծիքները ձևավորելու, համադրելու և որոշում նախապատրաստելու համար։ Մեզ թվում է, և դա նաև պրակտիկ աշխատանքն է հուշել մասնավորապես, Երևանի որ ավելի ճիշտ կլինի, որ համակարգման և վարչարարության գործառույթներն իրականացնեն մարդիկ, որոնք այդ գործառույթների համար են, ավելի հեշտ կիրականացնեն ավելի էֆֆեկտիվ և ավելի առանց սուբյեկտիվիզմի ծանրաբեռնվածության»,-ասաց Վաչե Տերտերյանը։

Նա նշեց, որ եթե փորձեն ավելի դետալացված ներկայացնել,  ապա մշտապես Երևանի գլխավոր ճարտարապետի ֆիգուրան առիթ էր հանդիսանում  խոսակցությունների կամ տպավորությունների, որ ինքն իր մասնագիտական կամ ճարտարապետական ճաշակով որոշակի դոմինանտություն է ապահովում և որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծվում։ 

«Երևանում նման խնդիր լինել չի կարող, որովհետև բոլոր այդ խորհուրդներում ներգրավված են մեր հանրապետության լավագույն, հեղինակավոր մասնագետները,  ճարտարապետները, էլ չեմ ասում, որ Երևանի ամեն մի նախագծի համար կամ նախագծային թիմ է աշխատում, կամ աշխատում են ճարտարապետներ, որոնք  բոլորովին էլ ավելի քիչ հեղինակություն կամ ունակություն կամ միգուցե ճաշակ չունեն, քան թե որևէ մեկը, որը պաշտոնով գլխավոր ճարտարապետ է։ Մի խոսքով՝ այս հնարավոր սուբյեկտիվիզմը հանելու համար այդ վարչական ֆունկցիաները կվերապահենք տեղակալին, որն ավելի հանգիստ դա կանի»,-ասաց Վաչե Տերտերյանը։

Նա նաև նշեց, որ Գյումրիին ու Վանաձորին կանդրադառնան ավելի ուշ։