Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ա. Փիլոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը

Ա. Փիլոյանն ընդունել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ  Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
Հայաստան
19:53, 17 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին,  ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է   Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար  Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները:
 
 Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ:
Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների  անձնակազմերի հետ  «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը:
 
Հանդիպման ընթացքում Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ արդյունավետ փոխգործակցության համար:  ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության և մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը:

Իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման և աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին:

Կողմերը բարձր են գնահատել նաև  Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ կողմից կազմակերպվել է կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, համայնքներին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք,  համատեղ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք տարվա համագործակցության ուղղությունները, կողմերը երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու  պատրաստակամություն են հայտնել: