Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրատեսիլի հաղթանակը արդեն հանձնածի համար տվի՞ն, թե՞ էլի բան կա տալու» կամ «Տարածքներ՝ Եվրատեսիլի դիմաց»․ ընդդիմադիրների «շնորհավորանքը» Մալենային․ Լուսանկարներ

«Եվրատեսիլի հաղթանակը արդեն հանձնածի համար տվի՞ն, թե՞ էլի բան կա տալու» կամ «Տարածքներ՝ Եվրատեսիլի դիմաց»․ ընդդիմադիրների «շնորհավորանքը» Մալենային․ Լուսանկարներ
Հայաստան
14:29, 20 декабрь 2021
Մինչ շատերն ուրախանում են «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցի տարած հաղթանակով, որոշ ընդդիմադիր քաղաքական շրջանակներ այն սկսեցին քաղաքականացնել, կապել «հողերի հանձնման» հետ։ 

Օրինակ՝ նախկին իշխանությունների հետ ասոցացվող բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է. «Էս Եվրատեսիլի հաղթանակը արդեն հանձնածի համար տվի՞ն, թե՞ էլի բան կա տալու»։ Հաջորդ գրառմամբ նույն Քոչարյանը գրել է, որ եթե ամբողջ Արցախը «հանձնեինք, մեծահասակների Եվրատեսիլում էլ կհաղթեինք»։  

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ևս հաղթանակը կապել է «հայրենիք ծախելու» հետ։ «Տավուշն էլ Եգիպտոսում 10  օրվա պուտյովկի հետ փոխեք»,- գրել է Դանիելյանը։

Հաջորդ տարի էլ «Եվրատեսիլն» անցկացվելու է Հայաստանում։ Այս փաստը ևս այդ շրջանակները վատատեսորեն են ներկայացնում։ Արդեն խոսում են Հայաստանում Ադրբեջանի հնարավոր հաղթանակի մասին՝ այն դեպքում, երբ պարզ չէ, թե Ադրբեջանը մասնակցելո՞ւ է Հայաստանում անցկացվող «Եվրատեսիլին», թե՞ ոչ։ Մասնավորապես, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գրել է. «Չմոռանաք աղուհացով էլ դիմավորել ձեր «կառուցողական» ու «կիրթ» հարազատներին, ու ամեն ինչ «թամամ» կլինի, կապիտուլյանտներ»։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ գրել է, թե «Եվրատեսիլը» «տերեր» ունի, և իրենք են որոշում, թե որ երկիրը երբ պետք է «հաղթի»։ Աբովյանը ևս անդրադարձել է Հայաստանում անցկացվելիք «Եվրատեսիլին» Ադրբեջանի մասնակցությանը՝ գրելով. «Մեկ տարի հետո Երևանում այսպես «հրճվանքով» ընդունելու եք  Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին (ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանը» վկա)»:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան էլ գրել է, թե օպտիմիստ հայերը մեկ տարուց եվրոպացիներին հրավիրում են Երևան, այն հույսով, որ եթե մինչ այդ Երևանը «հանձնված» լինի, «Եվրատեսիլը» Գյումրիում կանցկացնենք։

Թեմային անդրադարձել են նաև նախկին իշխանությունների հետ ասոցացվող որոշ ԶԼՄ-ներ։ Մասնավորապես, 7or.am կայքը «Մանկական Եվրատեսիլում հաղթեց... Զեյնաբ Խանլարովան» վերտառությամբ նյութ է հրապարակել՝ գրելով. «Եվրոպան հաղԴեցնում է Հայաստանի մասնակցին, որպեսզի աչոկներ հավաքի և իրականում ամրագրի Ադրբեջանի հաղթանակը»։ Այս նյութը վերաթողարկել են նաև Yerevan.Today և Yerkir.am կայքերը։

Ակնհայտորեն, այս շրջանակները չեն կարողանում «տանել» Հայաստանի՝  նույնիսկ փոքր հաջողություններն ու հաղթանակները։ Նման հաղթանակները հասարակության համար ապատիայից դուրս գալու, դրական էներգիա ստանալու միջոց են։ Դրանք նպաստում են բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը, ինչը ակնհայտորեն ձեռնտու չէ այս շրջանակներին։ Իրենց պետք է ճնշված, հուսալքված հասարակություն և «ծնկած», պարտված Հայաստան։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով այսօրինակ արձագանքներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այդ շրջանակներին խաբեք, ասեք՝ «Եվրատեսիլում» Հայաստանը չի հաղթել, Մոսկվան է հաղթել, թե չէ չեն լուսացնի։

Հիշեցնենք, որ Հայաստանը հաղթել է նաև 2010 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Եթե այս տարվա հաղթանակը ինչ-որ բանի դիմաց «տրվել է» Հայաստանին, ապա հետաքրքիր է իմանալ, թե ըստ այս շրջանակաների, «ինչի՞ դիմաց էր» Հայաստանի հաղթանակը 2010-ին։

Վովա Հակոբյան