Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր վարժական հավաքներ՝ պահեստազորի մասնակցությամբ․ ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել

Նոր վարժական հավաքներ՝ պահեստազորի մասնակցությամբ․ ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել
Հայաստան
15:35, 20 декабрь 2021
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։ Նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վարժական հավաքները վերաբերում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին։ Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական, 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

«Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի։ Վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ»,- նշված է նախագծի մեջ։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: