Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի խոսնակը «չի մեկնաբանում» Արմեն Սարգսյանի հրավերն ընդունելու կամ մերժելու հարցը․ ՀՓՇ-ն եւ ԲՀԿ-ն չեն քննարկել հրավերը

Վարչապետի խոսնակը «չի մեկնաբանում» Արմեն Սարգսյանի հրավերն ընդունելու կամ մերժելու հարցը․ ՀՓՇ-ն եւ ԲՀԿ-ն չեն քննարկել հրավերը
Հայաստան
14:55, 11 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը Civic.am-ի հարցին, թե վարչապետը ընդունելո՞ւ է նախագահի հրավերը, պատասխանեց, որ այդ հարցը «չի մեկնաբանում»։ Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետը նախագահին հետ է ուղարկելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու իր առաջարկը։   

ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ում առայժմ քննարկում չեն ունեցել այդ հարցով։

Հիշեցենք, որ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: 

Իսկ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Դեռ չենք քննարկել այս հարցը, ուստի բոլորի անունից հայտարարություն անել չեմ կարող»։ Եվ հավելել, որ եթե վարչապետին Արմեն Սարգսյանը հրավիրել է քննարկելու նրա հեռանալու հարցը, խնդիր չկա, կգնան այդ հանդիպմանը։