Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազի դե ֆակտո թանկացում. ամոթալի պայմանագրի հետևանքը. 1in.am

Գազի դե ֆակտո թանկացում. ամոթալի պայմանագրի հետևանքը. 1in.am
Հայաստան
12:44, 21 декабрь 2021
Հայաստանի հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլար: Այդ հատկացումը կտևի տասը տարի: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, դրա անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի պայմանագրային պարտավորությունից, որ կա Հրազդանի ՊՇԷԿ հինգերորդ բլոկի մասով:

Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, ավելին՝ ավելացել են կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները, հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ տարածած հաղորդագրության, այժմ կայացված որոշման շնորհիվ գազի գինը Հայաստանում առաջիկա տասնամյակի համար կմնա նույնը՝ 165 դոլար 1000 խմ դիմաց: Այդպիսով, դե ֆակտո ստացվում է, որ Հայաստանը Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ բլոկի սեփականատեր «Գազպրոմ» ընկերությանը տասը տարվա ընթացքում վճարելու է տարեկան մոտ 300 միլիոն դոլար, այսպես ասած ՊՇԷԿ հինգերորդ բլոկի վնասը ծածկելու համար, իսկ դրա փոխարեն Գազպրոմը չի թանկացնի Հայաստանի գազը:

Եվ այս ամենի «հիմքը» այն ամոթալի, գործնականում խայտառակ պայմանագիրն է, որ Հայաստանին դե ֆակտո պարտադրվեց 2013 թվականի դեկտեմբերին՝ Պուտինի Հայաստան այցի ընթացքում: Պայմանագրով «Գազպրոմը» Հայաստանի հանդեպ այսպես ասած գազային մոնոպոլ իրավունքներ ստացավ մինչև 2043 թվական, Հայաստանը ստաձնեց որոշակի շահութաբերություն ապահովելու պարտավորություն: Այդ պայմանագիրը Հայաստանի խորհրդարանում վավերացվեց 2022 թվականի դեկտեմբերի 22-ին: Ընդ որում, վավերացումը տեղի ունեցավ այսպես ասած ձեռքով քվեարկությամբ, երբ դահլիճում մնաց միայն ՀՀԿ-ն և քվորումի ակնառու բացակայության պայմաններում հաշվեց ձայները այնպես, ինչպես ուզում էր: Եվ այդ առումով խիստ հետաքրքիր էր այդ ժամանակ խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունների պահվածքը, որոնք որոշեցին բոյկոտել նիստը և դուրս գալ, իբրև դեմ լինելով պայմանագրին, բայց փաստորեն թողնելով ՀՀԿ-ին դահլիճում մենակ, այդպիսով տալով ձեռքով քվեարկությունը ըստ անհրաժեշտության հաշվելու հնարավորություն:

Այսօր փաստացի ստացվում է, որ գազն իրականում թանկանում է, պարզապես այդ թանկացման համար վճարում է ոչ թե անմիջապես սպառողն իր գրպանից, այլ կառավարությունը՝ բյուջեից, որը ձևավորվում է հարկատուների վճարած միջոցներից և գործնականում դարձյալ հանրային ռեսուրս է: 2013-ի խայտառակ պայմանագիրը փաստացի Հայաստանի դեմ գործող ական է:

Աղբյուր՝ 1in.am