Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց կամ մասնակի բաց համամասնական ընտրակարգ

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց կամ մասնակի բաց համամասնական ընտրակարգ
Հայաստան
15:52, 11 март 2021
«Իմ Քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագծի փաթեթը։ Առաջարկվող փոփոխությունների, դրանց շուրջ իրենց մասնակցության մասին Civic.am-ը զրուցեց խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հետ։

Վերջինս նշեց, որ իրենց հիմնական մտահոգությունը ցուցակների բաց և փակ լինելու մեջ է։ Մասնավորապես փակ համամասնական ցուցակով ընտրողը ընտրում է կոնկրետ կուսակցություն, իսկ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց կամ մասնակի բաց համամասնական տարբերակը, այսինքն՝ ընտրողը կարող է ցանկացած թեկնածուի տալ իր քվեն՝ Հանրապետության ամբողջ տարածքում։

Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ այս տարբերակը գործում է Եվրոպական մի շարք երկրներում, որը իրենք ուսումնասիրել են, և այն մեկ քայլ առաջ է, քան այն տարբերակը, որն առաջարկում է իշխող խմբակցությունը։ 

Մեր դիտարկմանը, թե սա չի՞ նմանվի մեծամասնական համակարգի, Բաղդասարյանն ասաց, որ հակառակը՝ այսպիսով, նեղ խմբային շրջանականերով առաջնորդվելուց դուրս ենք գալիս։ Ըստ Բաղդասարյանի Հայաստանում կայացած կուսակցությունները շատ քիչ են,  հետևաբար փակ համամասնականի դեպքում երկրում ավելանում են անձակենտրոն կուսակցությունների թիվը, իսկ բաց համամասնականի դեպքում այդ խնդիրը կլուծվի։

Civic.am-ի հարցին, թե կայի՞ն այլ առաջարկներ, որոնք արել է «Լուսավոր Հայաստանն» ու մերժում ստացել կամ իշխանության կողմից ընդունվել, մեր զրուցակիցը նշեց, որ նախագիծը դեռ նոր է շրջանառության մեջ դրվել, որը քննարկվելու է ԱԺ նիստում՝ առաջին ընթերցմամբ, իսկ առաջին ընթերցումից՝ երկրորդ ընթերցման ընթացքում իրենք իրենց առարկություններն ու առաջարկները կներկայացնեն։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ էր դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա՝ վերացնելով տարածքային ցուցակները, այսինքն` ռեյտինգային ընտրակարգը վերանալու է: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ստեղծված հարթակի միջոցով կուսակցություններին հնարավորություն է տրվում իրականացնելու իրենց ընտրական ցուցակի նախաքվեարկություն։

Նախագծով առաջարկվում է խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցնել՝ սահմանելով 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար նախատեսվում է կրկնապատկել ընտրական գրավի չափը՝ սահմանելով 15 մլն դրամ։ Կուսակցությունների համար ընտրական շեմը ևս իջեցվել է՝ սահմանելով 4 տոկոս (5 տոկոսի փոխարեն)։ Այլ մոտեցում է սահմանվել նաեւ կուսակցությունների դաշինքների դեպքում։ Մասնավորապես, երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։

Փոխվել է նաեւ մեծամասնության լրացուցիչ մանդատների բաշխման հնարավորության հարցը, մասնավորապես՝ նախատեսվում է, որ եթե որեւէ կուսակցություն մանդատների բաշխման արդյունքում ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս:

Նախագծով նաեւ վերացվել է կոալիցիաներ կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը, ինչպես նաեւ էապես ավելացվել է կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը: