Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հադրութի անտառներից կարողացել են դուրս գալ նրանք, ում հրամանատարը կողքին է եղել, ոչ թե թողել, փախել է»․ անմահացած զինվորի մայր

Հոկտեմբերի 10-ից հետո Հադրութի Վանք գյուղի մոտակայքում  անմահացած 18-ամյա ժամկետային զինծառայող Սուրեն Եսայանի մայրը՝ տիկին Նարինեն, որդու մահվան հանգամանքները անհասկանալի է որակում։ Նրա խոսքով՝ որդուն և մյուս զինվորներին հրամանատարությունը միայնակ է թողել պատերազմի դաշտում։

«Ով հրամանատար ունեցել է, Հադրութի անտառներից կարողացել է ողջ-առողջ դուրս գալ, ում հրամանատարը կողքն է եղել»,- Civic.am-ին պատմեց նա՝ հավելելով․ «Ես ասել եմ բոլորին ու էլի ասելու եմ․ եթե էդ երեխեքի կողքին լիներ հրամանատար․․․ ոչ թե նախորդ օրը խրատներ տար զինվորներին՝ վիրավոր ընկերներին կօգնեք, դաշտում չթողնեք, ու իրանք իրանց կաշին փրկելու համար փախնեին՝ ձևացնելով, թե վիրավոր են»։ 


Սուրենի մայրը մանրամասներ է իմացել նրա ծառայակից ընկերներից: «Էս երեխեքի մոտ ոչ հրամանատար է եղել, ոչ բան, չեն էլ իմացել՝ որ կողմում են գտնվում, ինչ կա։ Ինքնահոսի թողած՝ խուճապահար ամենքը մի կողմ վազել են։ Իրենք հավատարիմ մնացին իրենց երդմանը, բայց իրենց սպաները՝ չէ»,- արտասուքն աչքերին ասաց զինվորի մայրը։ 

Սուրենի մարմինը ամիսներ անց է հայտնաբերվել և ԴՆԹ փորձաքննութան մի քանի փուլից հետո նոր հաստատվել, որ նա է։
Սուրենը զորակոչվել և 2020 թվականի հուլիսի 23-ին էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության՝ Ջաբրայիլում։ Պատերազմի սկզբից, լինելով երկու ամսվա զինծառայող դիպուկահար, մասնակցել է ակտիվ գործողություններին։ 

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայկական վարժարանում սովորած, ապա Երևանի Ֆրանսիական համալսարանում ուսումնառած,4-5 օտար լեզու իմացող միակ որդու հետ կապված բոլոր երազանքները փլվել են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սյուզի Սիրականյան