Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 մլրդ դրամով․ Ռուստամ Բադասյան

2021 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 մլրդ դրամով․ Ռուստամ Բադասյան
Հայաստան
13:07, 30 декабрь 2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 30-ին՝ կառավարության այս տարվա վերջին նիստին, ասաց, որ 2021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարվել է։

Նա նշեց, որ 2021 թվականի պետական բյուջեի օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրլն 440 մլրդ դրամ, և այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով։

«Այսինքն՝ եկամտային մասը մենք կատարել ենք 1 տրիլիոն 586 միլիարդ․ սա դեկտեմբերի 30-ի դրությամբ է, այսօր ևս ակնկալվում են մուտքեր։ Վերջին ճշգրտված պլանը եղել է 2022 թվականի պեական բյուջեի օրենքով, որում նախանշվել է 1 տրիլիոն 581 միլիարդ»,- ասաց նա։

Բադասյանը նշեց, որ վերադարձի ցուցանիշները ևս զգալի են և ռեկորդային այս տարվա համար։ 

«Մենք վերադարձրել ենք 182 միլիարդ հարկ վճարողներին, որը ավելացված արժեքի գծով է հիմնականում։ Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ։ Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի շուրջ 185 միլիարդ»,- նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահն ասաց, որ 2020 թվականի համեմատ 200,5 միլիարդ դրամ կամ 14,5% ավելի են հավաքագրել և 121,4 միլիարդ կամ 8․3%՝ 2019 թվականի նկատմամբ։ 

Վերադարձի ցուցանիշների առնչությամբ Բադասյանն ասաց՝ քանի որ 2019 թվականին 180 միլիարդ են վերադարձրել, իսկ 2020 թվականին՝ 140 միլիարդ, 2020 թվականի նկատմամբ 42․1 միլիարդ ավելի են վերադարձրել կամ 30․1%, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 1․7 միլիարդ կամ 1%, եթե հաշվի չառնեն այն 3 միլիարդը, որն այսօր են վերադարձնելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուստամ Բադասյանի ներկայացրած տվյալներին․ «Նախորդ տարիներին, երբ մենք այսպիսի ցուցանիշ հրապարակել ենք, հետո մամուլում և նաև քաղաքական տարբեր շրջանակներից արձանագրվել է, թե ոչ մի գերակատարում էլ չկա։ Ես ուզում եմ ասել հետևյալը․ երբ նախորդ տարի ընդունում ենք հաջորդ տարվա բյուջեն, մենք դնում ենք եկամուտների նշաձող։ Երբ մենք ընթացքում գերակատարում ենք, եկամուտների նշաձողը զուգահեռ բարձրացնում ենք, որ այդ գումարները բյուջեում հաշվառվեն։ Այսինքն՝ այս 146 միլիարդ դրամն ավել է 2020 թվականի աշնանը Ազգային ժողովում ընդունված «Բյուջեի մասին» օրենքում արձանագրված ցուցանիշի նկատմամբ։ Հետո մենք ինչքան հավաքում ենք, այդ ցուցանիշը կառավարության որոշումներով բարձրացնում ենք»։