Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահի օրակարգով և ֆորմատով հանդիպումը չի կայանա․ հանդիպման նոր ֆորմա՞տ կառաջարկվի

Նախագահի օրակարգով և ֆորմատով հանդիպումը չի կայանա․  հանդիպման նոր ֆորմա՞տ կառաջարկվի
Հայաստան
16:03, 12 март 2021
Վաղը լրանում է քաղաքական ուժերին ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի հրավերի ժամկետը։ Մարտի 10-ին նախագահը հայտարարություն տարածեց, որով առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրեց Նախագահի նստավայր՝ հանդիպման։ 

Նախագահի աշխատակազմից երեկ տեղեկացրին, թե հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ նախագահը պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից՝ հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ: 

Չնայած հանդիպմանը 1 օր է մնացել, արդեն իսկ պարզ է, որ նախագահի նախատեսած ֆորմատով և բովանդակությամբ հանդիպումը չի կայանալու։ Չի բացառվում, որ կայանա այլ ֆորմատով։ Ի դեպ՝ չի բացառվում նաև, որ հանդիպման ֆորմատը ընդլայնվի և այլ արտախորհրդարանական ուժեր ևս հրավիրվեն։ 

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախօրեին «Արմենպրես»-ին ասել էր, որ ինքը նախագահի աշխատակազմին տեղեկացրել է, թե ընդունում են նախագահի հրավերը և պատրաստակամ են մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ ընդունում է նախագահի հրավերը։ ԲՀԿ-ն համառորեն լռում է։ Իսկ ՀՓՇ-ն պայմաններ է թելադրել։  

«Հայրենիքի փրկության շարժման» ներակայացուցիչները հայտարարեցին, որ կընդունեն նախագահի հրավերը միայն վարչապետի հրաժարականի օրակարգով։ Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը Civic.am-ի հարցին, թե այնուամենայնիվ, հնարավո՞ր է ՀՓՇ-ն ընդունի նախագահի հրավերը, պատասխանեց, թե  նախագահի առաջարկած օրակարգով «Հայրենիքի փրկության շարժումը» չի մասնակցի հանդիպմանը։ 

Գասպարյանը հավելեց, թե «Հայրենիքի փրկության շարժումը» վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ և կընդունի նախագահի հրավերը միայն այս օրակարգով։


Վովա Հակոբյան