Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկինում իշխանության հետ փոխկապակցված անձինք էին սեփականատեր դարձել ԶՊՄԿ-ում. Առաջին անգամ պետությունն է բաժնեմաս ունենում. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը:

Ինչպես զեկուցեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, նախագծով նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ առաջին անգամ պետությունը բաժնեմաս ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. «Ընդ որում, այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Փաստորեն այն, որ պետությունը երկար տարիներ իր ռազմավարական ակտիվից զրկված է եղել, կասկածելի չէ, իսկ երբ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիայի հետքեր գտնել:

Սակայն կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ կորցնում է, և դա մենք տեսել ենք երկար տարիներ, երբ իշխանության հետ փոխկապակցված անձինք սեփականատեր են դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում. 15 և մի փոքր ավելի տոկոսի սեփականատերը ՀՀ վարչապետի աշխատակազմն է: Սակայն վարչապետի աշխատակազմը չպիտի անի կառավարման հետ կապված գործառույթները, և մենք այն հանձնում ենք մեր կողմից հիմնադրված Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»: