Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առաջնահերթություններից բխող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առաջնահերթություններից բխող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը
Հայաստան / Միջազգային
21:21, 12 март 2021
Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։

Ծրագրի գործընկերները ներկայացրեցին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման ծրագիրը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր, բխում է մարտ ամսից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնահերթություններից։ Սույն համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: ՀԸԳՀ-ն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում՝ աջակցելով համակարգային դիմակայնություն ապահովող և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», – իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: