Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը կանխատեսելի էր․ սրան պետք է նախորդեին վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը․ 1in.am

Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը կանխատեսելի էր․ սրան պետք է նախորդեին վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը․ 1in.am
Հայաստան
11:12, 16 январь 2022
Դատավորների ընդհանուր ժողովը հունվարի 14-ին Դատավորների միության նախագահ ընտրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր: Նրանցից 139-ը քվեարկել է Ալեքսանդր Ազարյանի, մյուսները՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգտին:

Ընդդիմադիրներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ երբեմնի քաղբանտարկյալ (2008թ. մարտի 1-ով) ու ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա Հայաստանում արդարացված Գագիկ Ջահանգիրյանին օրոք Հայաստանի դատավորների միության նախագահ է ընտրվում Հայաստանում մարտի 1-ով 7 քաղբանտարկյալ դատած ու Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներ ապահոված  Ազարյանը, ով նաև անուրանալի դեր է կատարել մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապահովելու հարցում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ողջունելի է միայն այս փաստը, որ դատավորների համայնքը սկսել է աշխուժանալ, բայց դրան պետք է իրականում նախորդեին  վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը։ Եվ դրա արդյունքում, ըստ Կարապետյանցի, բազմաթիվ դատավորներ չպետք է մնային․ «Մենք  արդեն պետք է ունենայինք մաքրված համակարգ, բայց ցավալիորեն այդ վիճակը չունենք։ Շատ հարցեր են բարձրացվում դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, բայց որևէ մեկին չանձնավորելով, նշեմ, որ  նրանք այն մարդիկ չեն, որոնք այդ հարցերը բարձրացնելու լեգիտիմ իրավունք ունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նա։

Ըստ Կարապետյանցի՝ իրավիճակը բավականին կանխատեսելի էր․ «Որքան ես գիտեմ՝ այդ միության կազմում բավականին մեծ թվով դատավորներ դուրս են եկել։ Ենթադրում եմ, որ դուրս եկողների մի մասը պետք է լինեին նրանք, ովքեր անիմաստ են համարել իրենց մասնակցությունը, բովանդակային շարժ չեն տեսել։ Նրանք կարող են դիմադրություն ցույց տալ, բայց արդյունքում արդարադատությունը ցանկացած դեպքում պարտվում է։ Այդ համակարգերը ստեղծված չեն այս կամ այն ուժին դիմադրելու կամ ինչ-որ քաղաքական պայքարի մեջ մտնելու համար։ Այդ կառույցները ստեղծված են արդարադատություն իրականացնելու համար։ Այնպես որ ցանկացած գործընթաց՝ իշխանությունների կողմից իբր բարեփոխումներ իրականացնելը, թե նաև դատավորների իբր դիմադրությունը․․․ մենք վերջնական նպատակին չենք հասնում։ Չենք հասնում այն հանգրվանին, որտեղ արդարադատություն իրականացնող մարմինը կիրականացնի այդ գործառույթը։ Ունենք անհասկանալի, ամորֆ պայքար՝ մեկը մյուսի դեմ։ Արդյուքնում պարտվում է Հայաստանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։