Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
Հայաստան
21:12, 16 январь 2022
ՀՀ նկարիչների միությունից հայտնում են, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը։

Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Ռուբեն Արուտչյանի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան, Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16):

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։  

1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 

1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 

1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 

1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։

1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։