Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ԼՂ հիմնախնդրի լուծում գտնենք․ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ԼՂ հիմնախնդրի լուծում գտնենք․ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի․ Արմեն Գրիգորյան
Հայաստան
13:44, 20 январь 2022
«Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանում ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետեւ միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ եւ հիմնախնդրի լուծման կարեւոր հարթակը այս պահին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ակնկալում ենք, որ տարածաշրջան այցի եւ հետագա քայլերը հնարավորթյուն կտան Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ եւ համապարփակ լուծմանը»։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ եթե Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները, ի՞նչ պետք է անի հայկական կողմը․ Գրիգորյանն արձագանքեց․ «Պետք  է շարունակել դիվանգիտական եւ քաղաքական միջոցներով փորձել խնդրին լուծում գտնել»։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, որն առաջարկում է Ադրբեջանը, Գրիգորյանն ասաց․ «Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձեւակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք լուծում ԼՂ հիմնախնդրի համար եւ գիտեք, որ հինախնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում փորձենք բանակցությունների եւ քաղաքական գործիքակազմի միջոցով լուծում գտնել։ Կան նաեւ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում եւ սահմանագծում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ․ այդ հարցերին բոլորին լուծում գտնելով խաղաղության պայմանագրի հիմքերը ստեղծենք»։

«Հրապարակ»-ի լրագրողներից մեկի պնդմանը, թե Ադրբեջանը ԼՂ հարցը փակված է համարում, Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք փորձում եք Ադրբեջանի մոտեցումները առաջ տանել, ես ասում եմ՝ Հայաստանի մոտեցումները սրանք են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրպետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի եւ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններով պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնենք»։