Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է
Հայաստան
19:02, 23 январь 2022
Ավելի վաղ հանրության որոշ շրջանակներ դժգոհություն էին հայտնել Մորգենշտերնին Հայաստան հրավիրելու համար։

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։
Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։

Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխանել են, որ համերգը չեղարկվել է։

Թույլ չենք տա. օգտատերերին զայրացրել է Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգը

Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։

Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։

Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա:

Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։