Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժի Վաչոյի նախկին հաշվապահը կրկին տուժող կճանաչվի. Գործի քննությունը կվերսկսվի

Սերժի Վաչոյի նախկին հաշվապահը կրկին տուժող կճանաչվի. Գործի քննությունը կվերսկսվի
Հայաստան
10:29, 15 март 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օրերս բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դիմումը։ Դատարանի որոշումը ենթադրում է, որ քրեական գործի քննությունը պետք է վերսկսվի, իսկ Սուսաննա Արիստակեսյանը ճանաչվի տուժող,հայտնում է 1in.am-ը։
Հիշեցնենք, որ «Յանս» համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո վաճառելով իր բնակարանը։ ՀՔԾ-ն Արիստակեսյանին տուժող չէր ճանաչել, և Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական քրգործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը իրավաչափ էր համարել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ գործողությունները՝ այն հիմնավորմամբ, որ ունենալով տուժողի կարգավիճակ՝ նրանք իրավունք ունեին Արիստակեսյանից պահանջելու և ստանալու այնքան գումար, որքան, ըստ իրենց, հասցված վնասն է:
Արիստակեսյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում պատմել էր, որ իրենից կրկնակի գումարը շորթվել է սպառնալիքների տակ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ կողմից իր հասցեին հնչել են անգամ կյանքին ու առողջությանը հասցվող սպառնալիքներ։ «Ես իմ տունուտեղը վաճառեցի և, որպես փրկագին, տվել եմ Վաչոյին ու նրա կնոջը, որպեսզի ազատվեմ կալանավայրից: Դա իմ փրկագինն էր: Իրենք ստացականի մեջ գրել են, որ ստացել են 40 միլիոն դրամ, և որ վնասը հատուցված է: Եվ սա այն պարագայում, որ մինչև հիմա քրեական գործի որևէ դրվագով ապացուցված չէ վնասը, թե իրենց ինչ վնաս էր հատուցվել: Ես ուղղակի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում չհայտնվելու համար վաճառել եմ իմ ունեցածը և 40 միլիոն դրամը տարել տվել եմ Վաչոյի կնոջը՝ Ռուզաննային, իսկ նա քննչական մարմիններին գրել է, որ վնասը հատուցված է: Եթե ես այդ գումարը չտայի, ապա մինչև հիմա կլինեի «Աբովյան» ՔԿՀ-ում։ Այդ դեպքից հետո Ռուզաննա Բեգլարյանը ինձ կանչեց իր աշխատասենյակ և բառացիորեն ասաց՝ կամ ինքնասպան կլինես, կամ կտաս 40 միլիոն դրամ, հակառակ դեպքում քեզ կդարձնեմ բոմժ և կգցեմ Ռուսաստանի քուչեքը: Ապա շարունակեց, որ ամուսինը՝ Վաչոն, ավելի լավ տարբերակ ունի՝ հա՛մ գումարը պետք է տամ, հա՛մ դատվեմ»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էր տիկին Սուսաննան։

Այսքանից հետո, սակայն, քննչական մարմինը գործը կարճել էր, իսկ Սուսաննա Արիստակեսյանին տուժող չէր ճանաչել։ Այդ սխալը դատարանն այսօր ուղղել է՝ Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, և գործի քննությունը պետք է վերսկսվի։
Սուսաննա Արիստակեսյանն  մեզ հետ զրույցում ասաց՝ մտածում է, որ պատասխանող կողմը ամեն դեպքում կբողոքարկի այս վճիռը, բայց եթե անգամ չբողոքարկի էլ, ու գործի քննությունը վերսկսվի, ինքը չգիտի՝ ինչ կարող է տալ նոր քննությունը։ «Եթե արդարություն լինի, բնականաբար գործը պետք է որ շահենք, բայց անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե վաղը մեր երկրում ինչ կարող է լինել, հետևաբար կդժվարանամ որևէ հստակ բան ասել»,- ասաց Սուսաննա Արիստակեսյանը։
Վերջինիս պաշտպան Թամարա Բաղդասարյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալիքների մասին խոսելը դեռ վաղ է, և առհասարակ այս գործի վերաբերյալ ակնկալիքների մասին խոսելը դժվար է, բաց այսօրվա դատական ակտը արդեն որոշակի հույսեր է տալիս։ Փաստաբանի խոսքով՝ այս գործում քաղաքական նրբերանգ կա՝ հաշվի առնելով, թե ում է վերաբերում, ում է առնչվում գործը, բայց դրանից զատ՝ կատարվել է Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք, և դրան պետք է տրվի պատշաճ քրեաիրավական գնահատական։