Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Բիլյանի հարցով «տղերքի» պատասխանները բումերանգի նման վերադառնում ու հարվածում են իրենց․ Ալեք Ենիգոմշյան

Արմեն Բիլյանի հարցով «տղերքի» պատասխանները բումերանգի նման վերադառնում ու հարվածում են իրենց․ Ալեք Ենիգոմշյան
Հայաստան
16:14, 28 январь 2022
Ես չէի կասկածում, որ Արմեն Բիլյանի հարցով նրա և իմ հայտարարությունների հրապարակումից հետո «շարժման» առաջնորդները մերժելու էին այնտեղ բերված հիմնավորումները և անցնելու էին հակահարձակողական պաշտպանության, մեր քայլը որակելով որպես գաղութային համակարգի դավադրության օղակ:

Մեր պնդումներին գլխավոր «պատասխանը» տվեց Վարուժան Ավետիսյանը: Ինձ ուղղված հարցերով և պնդումներով հանդես եկան նաեւ շարժման մի քանի անդամներ և աջակիցներ: Նրանք ապիկար կերպով փորձեցին մեր դիրքորոշումները ներկայացնել որպես բռնատիրական համակարգի դեմ պայքարի տրամաբանության և ոգուն հակասող, իսկ իրենցը՝ հավատարիմ: Քննարկվող թեման, արհեստականորեն շեղելով, փորձվեց խորամանկորեն ինձ ներկայացնել որպես ռուսամետ ու իմ նկատմամբ հոգեբանական տրամադրվածություն ստեղծել: Մեր ամենակարեւոր պնդումները մնացին անպատասխան, իսկ այլ պնդումների տրվեցին անհամոզիչ պատասխաններ: Բայց ամենակարեւորը, իրենց վերամբարձ պնդումներով բարոյապես մերկացրին իրենք իրենց:

Հատկապես Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ վերամբարձ արտահայտություններով և հռետորական պնդումներով: Ստորեւ կտեսնենք, որ մեզ ուղղված նրա յուրաքանչյուր մեղադրանք կամ քննադատություն բումերանգի նման վերադառնում ու հարվածում է իրենց, իսկ այլ վերամբարձ խոսքեր բացահայտում են իրենց բարոյական սնանկությունը:
Ցավում եմ երեսպաշտությամբ և մանիպուլյացիայի փորձերով լի իրենց պատասխանների համար:
Այսպես.
  • Ըստ Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի հարցի արդարացի լուծման նրա ու իմ պահանջն իբր համազոր է ասելու, թե ««Սասնա ծռերը» (...) համակարգի դեմ ապստամբած մարդիկ չեն, այլ հանցագործներ», այսինքն՝ Արմենն ու ես իբր մերժում ենք գործողության ապստամբային ակտ լինելու իրողությունը, հետեւաբար ապստամբության իրավունքի սկզբունքը. մինչդեռ «մենք [իրենք] ապստամբել ենք, հանցանք չենք գործել»։
Արմենի ու իմ ասածներն իբր համազոր են իրենցից պահանջելու, որ «ընդունեն համակարգի խաղի կանոնները, նրա գործիք դատարանը», մինչդեռ իրենք կտրականապես մերժում են նման մոտեցումը:
«Մենք [իրենք] չենք կարող ընդունել գաղութային համակարգի կանոններն ու ենթարկվել նրա ողորմածությանը, ինչպես ըստ էության պահանջվում է մեզանից։ Մենք չենք կարող ուրանալ մեր ապստամբությունը»:
Նախ տեսնենք, թե ինչպե՞ս մեզ վերագրված այս մեղադրանքները բումերանգի նման վերադառնում են իրենց, իսկ ապա կտեսնենք, թե դրանք չեն առնչվում Արմենին:
Ո՞վ է ապստամբական ակտն իջեցրել հանցագործության մակարդակի, ո՞վ է ընդունել համակարգի խաղի կանոնները, նրա գործիք դատարանը, ո՞վ է ընդունել գաղութային համակարգի կանոններն ու ենթարկվել նրա ողորմածությանը, ո՞վ է ուրացել ապստամբությունը: Պատասխանը միանշանակ է՝ իրենք:
Մի անգամ չէ, որ խմբի առաջնորդները դավաճանել են իրենց իսկ իբր խիստ արժեւորած սկզբունքներին: Ամենացայտուն օրինակը իրենց իսկ բնութագրումով գաղութային համակարգի «ողորմածությանը» դիմելու իրենց ակտն էր:
2018թ. իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ համաներում: Օրենքը ենթադրում է, որ համաներման ենթակա անձը պաշտոնապես համաձայնի համաներվել: Եթե դու համաձայնում ես համաներվել, ապա դու ընդունում ես, թե կատարել ես քրեական հանցագործություն: Եթե պնդում ես, որ քոնը եղել է ապստամբություն, այլ ոչ քրեական հանցագործություն, ապա քեզ համար քո չկատարած հանցագործությունից ներվելու խնդիր չի կարող լինել և դու չպետք է համաձայնես համաներվել: «Սասնա ծռեր» խմբի անդամները (բացի սպանությամբ մեղադրված Սմբատ Բարսեղյանից ու Արմեն Բիլյանից, որոնց նկատմամբ օրենքը չէր տարածվում), առաջնորդների ցուցումով, դատարանում տվեցին համաներվելու իրենց համաձայնությունը: Դրանով նրանք ընդունեցին քրեական հանցագործություն կատարած լինելը և ներվելու համար դիմեցին իրենց ատած գաղութային համակարգի ողորմածությանը: «Սասնա ծռերի» պարագայում, 2018թ. համաներման օրենքը վերջինների համաներումը պայմանավորել էր գործով տուժող ճանաչվածների և նրանց իրավահաջորդների համաձայնությամբ: Համարյա անկասկած էր, որ նրանք չէին տալու իրենց համաձայնությունը, և այդպես էլ պատահեց, ու օրենքը Ծռերի մասով չկիրառվեց: Այսպիսով, նրանք դիմեցին համակարգի ողորմածության ու խայտառակվեցին:
Ժիրայր Սեֆիլյանը եւս համաձայնեց համաներվել և համաներվեց, որովհետեւ նա «Սասնա ծռեր» խմբի մաս չէր կազմել, այլ մեղադրվել էր այլ «գործով»:
Սրանից ավելի՝ «գաղութային համակարգի ու դրա դատարանի խաղի կանոններին» ենթարկվելու ու նրա ողորմածությանը դիմելու ի՞նչ օրինակ կարող է լինել: Սեփական ապստամբական ակտը քրեական հարթություն իջեցնելու ուրիշ ի՞նչ օրինակ կարող է լինել:
Հարգելիներ, նախքան ուրիշի ուղղությամբ քար շպրտելը ստուգեք ձեր տան ապակիների հաստությունը:
Կարծում եմ, որ այսքանը բավարար է մեր հայտարարությունների «պատասխանն» ամբողջությամբ ջախջախված հայտարարելու համար: Բայց շարունակենք:
  • Հիմա, նույնի մասին, Արմենի կապակցությամբ:
Ո՛չ Արմենը, ո՛չ էլ ես երբեւէ կասկածի չենք ենթարկել բռնատիրության և անարդարության դեմ ապստամբության բնական իրավունքը: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի դեպքի կապակցությամբ մեր դիրքորոշումը և բողոքը կապ չունի այդ սկզբունքի հետ:
Ապստամբային իրավունքից հրաժարումն այն է, երբ համակարգը քո ապստամբական ակտը բնութագրում է որպես քրեական, և դու ընդունում ես այդ տրամաբանությունն ու վիճարկում ես քո կատարածի քրեականությունը: Ինչպես տեսանք, դա արել են իրենք:
Իսկ երբ դու վիճարկում ես ոչ թե ապստամբական ակտով քո իսկապես կատարածը, այլ բացահայտ կեղծիքը, մի գործողություն, որը դու չես կատարել, բայց որով քեզ մեղադրում են, ապա այդ վիճարկումն ու դրա դեմ ընդվզումը բնութագրել որպես ապստամբության իրավունքից հրաժարում և հարցի քրեական մակարդակ տեղափոխում, առնվազն անհեթեթություն է:
Իսկ երբ կեղծիքի զոհի զինակից ընկերները, բացի այդ ծուռ տրամաբանությամբ նրան մեղադրելուց նաեւ նրան հռչակում են ծախված, ավելին, երբ դեպքի իսկական հեղինակի՝ պատասխանատվությունից փախուստն ու կեղծիքի նկատմամբ իրենց՝ զինակիցների լռությունը երեսպաշտորեն ներկայացնում են որպես իբր համակարգի խաղի կանոնները մերժելու, քրեական մակարդակ չիջնելու և ապստամբության իրավունքի նշաձողի վրա մնալու վեհ դիրքորոշում, ապա առաջանում են ընդհանրապես բարոյականության և այս դեպքում ապստամբական պայքարի բարոյականության տեսակետից ամենալուրջ հարցեր:
Արմեն Բիլյանը ապստամբական ակտին իր փաստացի մասնակցության և ոչ մի դրվագով չի ընդունել «գաղութային համակարգի կանոնները» և չի դիմել կամ փորձել ենթարկվել «նրա ողորմածությանը»: Նա չի վիճարկում իր փաստացի կատարածը: Նա բացառապես ընդվզել է ծանրագույն հետեւանքներով լկտի կեղծիքի դեմ, և դա լրիվ արդարացված է: Հակառակ պնդումը՝ ոմանց պարագայում տգիտություն, իսկ ուրիշների պարագայում աճպարարություն և կեղտոտ մանիպուլյացիա է:
  • Վարուժան Ավետիսյանն ասում է՝ «Հայաստանը գաղութացված է, չունի դատարան եւ արդարադատություն, ուստի ներկայում հնարավոր չէ բացահայտել ճշմարտությունը և հասնել արդարության»։
Ստիպված եմ ոչ վիրավորական, բայց բացասական բառ օգտագործել: Երեսպաշտությունն էլ սահման պետք է ունենա: Բացահայտ ճշմարտության և անարդարության դեպքում ի՞նչ ճշմարտություն բացահայտելու հնարավոր լինել-չլինելու և արդարության հասնելու մասին է խոսքը:
  • Վարուժան Ավետիսյանը պնդում է, թե Արմենի ու իմ տրամաբանությունը նշանակում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պետք է «ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու տրամաբանությամբ, ենթարկվեն համակարգի թելադրանքին»։ Իսկապե՞ս: Ոստիկան Մկրտչյանի հետ պատահածի հարցով ո՞վ է իր գլխի ճարը տեսնելու տրամաբանությամբ ենթարկվում համակարգի թելադրանքին. Արմե՞նը թե իսկական կրակողը: Եվ ո՞վ է պաշտպանում «գլխի ճարը» տեսնողին:
  • Ես գիտեմ, որ նույնիսկ նախքան վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 10-ի նոր վճիռը, շարժման որոշ անդամներ Մկրտչյանին իսկական վիրավորողին ասել են, որ ճիշտ ու արդար կլինի, որ նա ներկայանա համապատասխան մարմիններին: Նա նրանց պատասխանել է, թե՝ միայն մի հոգի կարող է իրեն ասել նման բան անել կամ ընդհանրապես ի՞նչ անել: Հայտնի է, թե ով է այդ մի հոգին: Իսկ Վարուժան Ավետիսյանը գրում է, թե «որեւէ մեկի նկատմամբ իր համոզմունքներին ու ցանկությանը դեմ գնալով՝ լռելու կամ խոսելու ցուցում, հարկադրանք կամ այլ ներգործություն չէր կարող լինել։ Այսուհետեւ եւս չի լինելու»։ Հետաքրքիր պատկեր է ստացվում, չէ՞: Պարզվում է իսկական վիրավորողը պատմության մեջ երբեւիցե գոյություն ունեցած ամենակարգապահ զինվորն է: Նա առանց իր հրամանատարի ցուցումի ոչինչ չի անի: Իսկ հրամանատարի և մյուս առաջնորդների համար մարդու ազատ կամքի վրա չբռնանալը, նրան «իր համոզմունքներին ու ցանկությանը դեմ գնալ չհարկադրելը վեհագույն արժեք և կենսափիլիսոփայություն է: Արժեքային և բարոյական այդ ո՞ր նորմերից ելնելով՝ Արմենն ու ես հանդգնում ենք պահանջել առաջնորդներից, որ նրանք հարկադրեն խեղճ կրակողին, որ գնա հանձնվի, եթե դա դեմ է «իր համոզմունքներին ու ցանկությանը»: Հո նրանք բռնատեր չեն: Հետո ի՞նչ, որ նրանց վեհ սկզբունքայնության պատճառով Արմենը 25 տարի անցկացնի անազատության մեջ: 
  • Վարուժանն ասում է. «թեկուզ Հայաստանում չկա պետություն, դատարան և արդարադատություն, ես կամ մեր քաղաքական ուժի որեւէ այլ ղեկավար անձ չի կարող և իրավունք չունի ստանձնել պետության ու դատարանի գործառույթներ և նրանց փոխարեն բացահայտել ճշմարտությունն ու որոշել պատասխանատվության ենթակա անձին։ Կարճ ասած` մերժում ենք այլընտրանքային հրապարակային «դատավարություն» կազմակերպելու (...) բոլոր ակնկալիքները, եթե այդպիսիք կան»։
Նախ, հակաիրավական հռչակված երկրում, այդ հակաիրավական համակարգը տապալելու երդում տված մարդու կողմից այս ի՞նչ իրավապաշտ, լեգալիստական սկզբունքայնություն է:
Բացի այդ, ե՞ս պետք է հիշեցնեմ հարգելի Վարուժանին, որ 2012-15թթ. «Նախախորհրդարանն» ու «Հիմնադիր խորհրդարանը» ձեւավորվել էին բացառապես այլընտրանքային տրամաբանությամբ, որ այդ շրջանակներում ձեւավորվել էր այլընտրանքային «Արդարության ատյան», և որ մշակվել էր դեռ մինչեւ իշխանափոխություն «Անցումային արդարադատություն» իրականացնելու ծրագիր:
Այն ժամանակ կարելի էր: Ներկայում, Արմենի հարցով, երբ ամեն ինչ բացահայտ է՝ չի կարելի:
  • Բռնատիրական կամ նույնիսկ ավելի մեղմ հակաիրավական համակարգի դեմ պայքարի դուրս եկողը գիտի, որ իր ընդվզումով իրեն ենթակա է դարձնում այդ համակարգի պատժիչ մեքենայի հալածանքներին, կարող է բանտարկվել, նույնիսկ զոհվել: Գործողության գնալուց «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները, ներառյալ Սմբատ Բարսեղյանը, Արմենը և անխտիր բոլորը գիտակցել են, որ իրենց գործողությունը կարող է հաջողությամբ չավարտվել, և իրենք կարող են ընկնել համակարգի «արդարադատության» գիրկը: Ինչո՞ւ Մկրտչյանին վիրավորած մարդը չի մնում այդ գիտակցության մակարդակին, ինչո՞ւ սառնասրտորեն ընդունում է, որ իր զինակից Արմենը համակարգի կողմից պատժվի ոչ միայն իր (Արմենի) արածի, այլ իր (կրակողի) արածների համար: Դա՞ է պայքարողի բարոյականությունը: Ի՞նչ տրամաբանությամբ են շարժման առաջնորդները պաշտպանում նրան և թույլ տալիս, խմբի հավասար անդամների միջեւ այս աղաղակող անարդարությունը: Այս կե՞րպ են նրանք լուծում բոլոր հարցերը շարժման ներսում: «Արդարադատություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կազատագրվի և կունենա դատարան»,- ասում է Վարուժանը: Նրանք այս կե՞րպ են իրենց հաղթանակից հետո հաստատելու արդարությունը Հայաստանում:
  • Շարժման որոշ անդամներ ասում են. «Ժիրայրը դատախազ կամ դատավո՞ր է, որ այս հարցում վճիռ կայացնի: Բայց պարզ չէ՞, որ նա արդեն իսկ ստանձնել է դատախազի ու դատավորի կարգավիճակ, որովհետեւ բուն կրակողի նկատմամբ վճիռ չկայացնելով՝ արդեն վճիռ է կայացրել Արմենի նկատմամբ:
  • Շարժման որոշ անդամներ ասում են, թե քանի որ կրակողը միայն թեւից էր վիրավորել Մկրտչյանին, այն էլ անզգուշաբար, այլ ոչ սպանել, ապա նա չի կարող պատասխանատու համարվել նրա մահվան համար, ուստի նրան՝ «իրավապահ ուժերին» ներկայանալ պահանջելը հիմնազուրկ է: Հանճարեղ տրամաբանություն է: Իսկ ի՞նչ տրամաբանությամբ և արդարամտության ո՞ր էտալոնով են նրանք ընդունում, որ Արմեն Բիլյանը դատապարտվի ոչ միայն Մկրտչյանին վիրավորելու, այլ նաեւ սպանելու համար:
  • Արմենի մոր նկատմամբ վերաբերմունքի հարցին ես ինձ իրավունք չեմ տա միջամտել: Իրավունք կտամ միայն ասել, որ այդ կապակցությամբ Արմենի ներկայացրած մեղադրանքներին Վարուժանի հնչեցրած պատասխանը չի համապատասխանում ճշմարտությանը, և որքան փորձվի հերքել իրականությունը, այնքան այն դուրս է գալու ջրի երես:
  • Ես չեմ անդրադառնա Արմենի՝ իր նկատմամբ սպանության մեղադրանքի առաջադրման համար Ժիրայր Սեֆիլյանին և այլ առաջնորդների, իշխանությունների հետ գործարքի գնացած լինելու պնդումին և այդ կապակցությամբ Վարուժանի անդրադարձին, որովհետեւ դա Արմենի հայտարարությունն է: Իմ կողմից միայն կասեմ, որ այս հարցի կապակցությամբ տարիների իր դիրքորոշումով Ժիրայրն ի՛նքն է Արմենին տվել այդպիսի առնվազն կասկածներ ունենալու իրավունքը:
Բայց ես ինձ իրավունք վերապահում եմ ուղղելու մի հարց: Ինչո՞ւ Ժիրայրը 2018թ. օգոստոսին ընդառաջ չգնաց Պավլիկ Մանուկյանի և ուրիշների առաջարկին՝ 2016թ.-ին Արմենի նկատմամբ սուտ ցուցմունքներ տված խմբի անդամների կողմից իրենց այդ ցուցմունքներից հրապարակայնորեն հրաժարումը կազմակերպելու կապակցությամբ, և ինչո՞ւ Վարուժանն իր պատասխանում չի անդրադառնում կարեւորագույն այս հարցին: Միայն այս հանգամանքները բավարար են Արմենի պնդմանը լուրջ վերաբերվելու համար:
  • Չնայած իմ հայտարարությունում ես անդրադարձել եմ Սմբատ Բարսեղյանի պարագային, զարմանալիորեն այդ հարցը վերստին արծարծվում է Վարդան Հակոբյանի և գուցե ուրիշների կողմից: Պարզ չէ՞ Սմբատի և Արմենի հարցերի տարբերությունը, հարգելի Վարդան: Արմենի մեղադրանքը կառուցված է բացահայտ և անհերքելի կեղծիքի վրա, և նրան վերագրվող դեպքի պարագայում չկա ոչ մի անհայտ մանրամասնություն: Սմբատը մեղադրվում է երկու ոստիկան սպանելու հանցանքով: Յուրի Տեփանոսյանի նկատմամբ մեղադրանքը եւս կառուցված է անհավատալի կեղծիքի վրա: Բայց Սմբատը մեղադրվում է նաեւ Արթուր Վանոյանի սպանության համար, և ամբողջ խնդիրն այն է, որ նա ընդունել է նրա վրա կրակ արձակված լինելը: Իրականում, ոչ ոք չգիտի, թե ո՞ւմ արձակած գնդակից է խփվել Վանոյանը: Իրականում՝ Վանոյանի ուղղությամբ արձակված գնդակները եղել են ինքնապաշտպանական, որովհետեւ նա է սկսել կրակել, իրեն ասվել է, որ չկրակի, որովհետեւ իրենք մտադիր չեն իր վրա կրակելու, բայց նա շարունակել է կրակել և միայն դրանից հետո է իր ուղղությամբ կրակ արձակվել: Այս բոլորը իրականություն են: Բայց դրանք չեն կարող փոխել փաստը, որ Սմբատն ընդունել է կրակ արձակած լինելը Վանոյանի վրա, և դա փոխում է ամեն ինչ: Վանոյանի կապակցությամբ Սմբատի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կեղծիքի վրա հիմնված չէ, այլ կրակած լինելու ի՛ր խոստովանության վրա, մինչդեռ Մկրտչյանի կապակցությամբ Արմենի նկատմամբ առաջադրված մեղադրանքը սկզբից մինչեւ վերջ հիմնված է կեղծիքի վրա:
Այդ կեղծիքը վերացնելու ունակ են, բացի «մեղադրող» կողմից, երկու հոգի՝ իսկական կրակողը, և նրա ու շարժման հրամանատար Ժիրայրը, ով ոչինչ չի արել և չի անում այդ ուղղությամբ: Այդ պատճառով էլ անարդարությունը կոծկելու համար պատասխանատու եմ համարում Ժիրայրին: Պա՞րզ է, թե դժվար է հասկանալը:
  • Թե՛ Վարուժանը, թե՛ Վարդանը և թե՛ ուրիշներ ինձ այպանում կամ մեղադրում են Արմենին խմբի մյուս անդամներից առանձնացնելու, միայն նրան զոհ ու նրա հարցն անարդար համարելու համար, մինչդեռ բոլորն էլ իրենց ապստամբական ակտի համար դատապարտվել են քրեական մեղադրանքներով և ենթակա են բանտարկության: Կրկին՝ չհասկացող ձեւանալն էլ չափ պետք է ունենա: Արմենի հարցը կեղծիք է, որտեղ ճշմարտությունը արեւի տակ հստակ երեւում է: Մյուսների պարագայում չկա կեղծիք, կա ապստամբության իրավունքի դատապարտում քրեական օրենքներով: Կարծում եմ, որ նվաստս 2016թ.-ի հուլիսից մինչեւ 2018թ. օգոստոս իր փոքր լուման բերել է նրանց այդ իրավունքի և որպես կալանավոր այլ իրավունքների պաշտպանության գործում: Եվ հետո, ես Արմենին մյուսներից առանձնացրել եմ միայն կեղծիքի հանգամանքով: Դրանից դուրս, նա մաս է կազմում մյուսներին: Բացի բացահայտ կեղծ մեղադրանքից, նա էլ է իր ապստամբական ակտի պատճառով դատապարտվել քրեական մեղադրանքներով, ու իր պատժաչափի մի մասը, մյուսների նման, վերաբերում է դրանց (ընդ որում՝ այնտեղ եւս մի մասով՝ նույնպես կեղծ հիմունքներով): Եթե ճշմարիտ է, որ ես «մոռանում» եմ մյուսներին, ապա նույնքան ճշմարիտ պետք է լինի, որ մոռանում եմ նաեւ նրանց հետ նույն մեղադրանքներով դատապարտված Արմենին:
  • Գեւորգ Սաֆարյանն ասում է. «ինչպես եղավ, որ (սուտ ցուցմունք տված անձինք) որոշեցին ճշմարտությունը ասել, ովքեր էին այդ մարդկանց փաստաբանները դատարանում, ովքեր էին նրանց հետ գնում քննչական մարմիններ, ովքեր էին նրանց հետ տանում բացատրական աշխատանքներ....
Մեծ աշխատանք է տարվել այդ վկաների հետ։ Նրանք վախենում էին, մտահոգություններ ունեին, նրանք իրավաբանական հարցերից չէին հասկանում.... Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր»-ի անդամների ջանքերով այդ մարդկանց հետ տարվեց բացատրական աշխատանք, նրանց տրամադրվեցին փաստաբաններ, նրանց բացատրվեց, որ Արմեն Բիլյանը բանտում է իրենց ցուցմունքների պատճառով, և այս աշխատանքի արդյունքում նրանք հանդես եկան ճշմարիտ ցուցմունքներով։
Սիրելի Գեւորգ, քեզ պատմել են ճշմարտության հազիվ հինգ տոկոսը, այն էլ խեղաթյուրված: Արմենի դեմ 2016թ. աշնանը սուտ ցուցմունք տված խմբի անդամները փաստաբաններ չեն ունեցել և դատավարության ժամանակ փաստաբանների օգնությամբ չեն հրաժարվել իրենց կեղծ ցուցմունքներից:
Նրանք երեք հոգի էին: Առաջին երկուսը գնդի գրավման գործողության մասնակցել էին ընդամենը մեկ-երկու կամ առավելագույնը մի քանի ժամ, և, գտնելով մի անվտանգ հատված, հեռացել գնդի տարածքից: Գործողության ավարտից մոտավորապես երկու ամիս անց ձերբակալվել էին և 3-4 օր, առանց փաստաբանի իրավունքի, պահվել ԱԱԾ-ի խցերում: Այդ պայմաններում նրանց պարտադրել էին ստորագրել կեղծ ցուցմունքներ, որից հետո ազատ էին արձակվել և նրանց նկատմամբ մեղադրանքներ չէին հարուցվել: Խմբից սուտ ցուցմունք տված երրորդ անդամից, սպիտակցի Էդգար Սողոմոնյանից, ով գնդում մնացել էր մինչեւ վերջին օրը և մյուսների հետ կալանավորվել, նույնպես երկու-երկուսուկես ամիս անց ճնշման տակ ստորագրություն էր կորզվել, որից հետո նա տեղվույն վրա բաց էր թողնվել և մեղադրանքներից զերծ կացուցանվել:
Դատավարության ընթացքում, երբ հերթը հասել էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի դեպքի քննությանը, ըստ հաստատված կարգի, այդ երեք անձինք, որպես ցուցմունք տվածներ, կանչվեցին դատարան՝ նորից հարցաքննվելու: Առաջին երկուսը, առանց փաստաբանների, հրաժարվեցին իրենց 2016թ.-ի ցուցմունքներից:
Էդգար Սողոմոնյանը չտվեց նոր ցուցմունք՝ ասելով, որ 2016թ.-ի իր ցուցմունքի վրա ոչինչ չունի ավելացնելու: Մի քանի ամիս անց նա զղջաց և որոշեց հրաժարվել նախկին ցուցմունքից: Զղջաց ոչ թե Ժիրայրի կամ մյուսների, կամ փաստաբանների ջանքերի շնորհիվ, այլ որովհետեւ Ռուսաստանից եկած մոտ հարազատներ ամոթանք էին տվել իրեն մարդու ճակատագրի հետ խաղացող իր կեղծ վկայության համար: Նա դիմեց դատարան, ներկայացավ և տվեց նոր ցուցմունք, որտեղ հիմնովին հերքեց իր նախկին ցուցմունքը: Դա եւս արեց առանց փաստաբանի: Բացի այդ, նա 2016թ.-ին իր նկատմամբ կտտանքների և պարտադրանքի համար բողոք-դիմում ներկայացրեց ԱԱԾ-ին: Միայն այս վերջին հարցով է, որ նա իրավաբանական օգնություն է ստացել:
Գեւորգ ջան, ինչպես ինձ ուղղված քո խոսքի ավարտին ասում ես՝ արդարությունը մի քիչ չի լինում։ Ճշմարտությունը նույնպես:
  • Այս բոլորից հետո ի՞նչ է մնում ընկերների զինանոցում: Իհարկե մի բան՝ սովորական դավադրության հերյուրանքը: Այսպես՝
Դիմադրական և ազգային-ազատագրական միակ ուժը՝ «Ազգային Ժողովրդավարական բեւեռ»-ը օրից օր թափ է հավաքում: Հայաստանի թշնամի Կրեմլն ու նրան ստրուկ Երեւանի գաղութային ռեժիմը ամիսներ ի վեր դավ են նյութում Բեւեռի դեմ: Արմենն արդեն վաղուց դավաճան է: Ալեքը, գիտակցաբար կամ միամտաբար ծառայում է այդ դավադրությանը: Նրանց երկուսի հայտարարությունները դավադրության շղթայի կարեւոր օղակներից են:
Ընկերներ, եթե դուք այդ աստիճանի համոզված եք, որ ձեր դեմ նյութվում է այսպիսի դավադրություն և Արմենի, ձեր կարծիքով, արհեստական հարցի արծարծումն այդ դավադրության կարեւոր օղակներից է, ինչո՞ւ չդիմեցիք այն շատ պարզ քայլին, որը դեռ իր բնի մեջ կխեղդեր ձեր դեմ մեծ դավադրության այս կարեւոր օղակը: Ինչո՞ւ, թեկուզ և դա լիներ վերեւներում նշված ձեր «վեհ սկզբունքներին» հակառակ, Արմենի հարցով ձեզնից պահանջված քայլին չգնացիք ու դրանով չչեզոքացրիք այս ահավոր դավադրությունը: Չէ՞ որ ես ձեզ զգուշացրել էի, որ ձեր կողմից շարունակվող մերժման դեպքում Արմենը հանդես է գալու հայտարարությամբ, որը ուժեղ հարված է հասցնելու ձեր բարոյական և քաղաքական վարկին, իսկ ես իմ հերթին դուրս եմ գալու լռությունից: Մի՞թե ձեր բարոյական վեհ սկզբունքներն ավելին արժեն, քան ձեր քաղաքական հաղթական երթը և հայրենիքի փրկությունը: Արժե՞ր վերջինները ստորադասել այդ «վեհ սկզբունքներին»: Չէ՞ որ այս դավադրությունը չեզոքացնելուց հետո դուք կարող էիք անմիջապես վերադառնալ այդ սկզբունքներին և դրանցով զինված՝ շարունակել թափ հավաքել և հասնել հաղթանակի ու հայրենիքի փրկության: Չէ, մի բան այն չէ:
Մենք տեսանք այս «վեհագույն» սկզբունքներից յուրաքանչյուրի իսկական արժեքը ձեր համար:
Նորից՝ ինչո՞ւ չդիմեցիք միակ արդար և ձեզ փրկելու ի զորու ողջամիտ քայլին:
Դուք կա՛մ չէիք պատկերացնում մեր հայտարարությունների ձեզ համար աղետալիության աստիճանը, ու այդ պատճառով որդեգրեցիք մեծամիտ ու ամբարտավան կեցվածք, կա՛մ էլ այս ամբողջ հարցի հետեւում թաքնվում է այնպիսի մի գաղտնիք, որի բացահայտումով դուք կհայտնվեիք էլ ավելի վատ վիճակում:
Համենայն դեպս, դու՛ք եք ձեր այսօրվա դրության պատասխանատուն, ո՛չ ես:
  • Շարժման առաջնորդների հետ թե՛ Արմենի հարցով արդարության և բարոյականության հարթությունում իմ ունեցած անհամաձայնությունը և թե՛ քաղաքական հարցերում լրջագույն հակասությունները ես տարիներով տարել եմ սուսուփուս, նախանձախնդիր լինելով, որ դրանք մնան լուսարձակներից հեռու, չդառնան հրապարակային: Արմենի կապակցությամբ ունեցել եմ մեկ նպատակ՝ արդարության և բարոյականության կայացում: Ուրիշ ոչինչ: Երբեք խնդիր չեմ դրել այս հարցով իրենց հրապարակայնորեն պախարակել: Քաղաքական խորը տարակարծությունների պարագայում լռություն եմ պահել, որպեսզի իրենց քաղաքական ձախողումը ինձ չվերագրեն: Ես համոզված եմ եղել և շարունակում եմ համոզված մնալ, որ նրանք հաջողությունների չեն հասնելու, բայց իմ քաղաքական հրապարակային դիրքորոշումների պարագայում իրենց անհաջողությունը գոնե մասամբ վերագրելու էին իմ «դավաճանությանը»: Իմ լռությունն ինձ հաճելի չի եղել, որովհետեւ կարեւոր եմ համարել ամենալուրջ հարցերի շուրջ իմ տեսակետների հրապարակումը, բայց շարունակել եմ լռել:
Բայց Արմենի 25 տարով դատապարտվելուց հետո այսպես չէր կարող շարունակվել: Նոր վճռից հետո մի անգամ մերժում ստանալուց հետո մի վերջին անգամ եւս փորձել եմ համոզել նրանց, որ գնան միակ տրամաբանական քայլին: Կրկին մերժել են և իրենց մերժումով վճռել հայտարարությունների հրապարակումը, չնայած զգուշացված էին և կարող էին խուսափել դրանից:
Հիմա միմիայն իրենք իրենց թող այպանեն:
  • Վերջում, Վարուժան Ավետիսյանի՝ իր պատասխանում տեղ գտած անպարկեշտ քայլի մասին, որի կապակցությամբ ցավում եմ իր համար:
Արմենի և իմ հայտարարությունները վերաբերել են բացառապես Արմենի հարցին, մինչդեռ Վարուժանը, իր պատասխանի հենց սկզբից փորձել է ընթերցողի ուշադրությունը նախ շեղել այլ ուղղությամբ՝ ինձ ներկայացնելով որպես ռուսամետ, որպեսզի իր պատասխանի գլխավոր լսարանի՝ իրենց աջակիցների և համակիրների մոտ իմ մասին սկսի ձեւավորվել բացասական կարծիք, ու այդպիսով իմ հայտարարությունում ասածներս այդ տպավորության տակ արժեզրկվեն, իսկ իր ասելիքներն ավելի դրական ընդունվեն:
Նա իր «պատասխանի» հենց սկզբում ասում է, որ իմ հայտարարությունում բերված «փաստարկումները հիմնվում են գաղափարական-քաղաքական մոտեցումների և դրանցից ծնված անձնական վերաբերմունքի վրա»։ Նա չի՞ մտածում, որ հազարավոր մարդիկ կարդացել են հայտարարությունը, որտեղ գաղափարական-քաղաքական ոչ մի մոտեցում չկա, այլ կա միայն գաղափարական-բարոյական մոտեցում: Իրականում նա իրեն թույլ է տվել կատարել այդ «վրիպումը», որպեսզի սահուն անցումով հենց սկզբից փորձի «քաղաքական գնահատական» տալ ինձ: Արմենի հարցի և նրա ու իմ հայտարարությունների հետ բացարձակապես կապ չունեցող թեմային սահուն անցում կատարելով՝ նա փորձում է, առանց ուղղակի բառն ասելու, իմ մասին ռուսամետի տպավորություն ստեղծել:
Եթե տեքստի ամենասկզբից, հոգ չէ, թե լրիվ արհեստական, ներկայացվեմ և համակիրների կողմից ընկալվեմ որպես ռուսամետ, պարզ չէ՞ որ դառնում եմ իրենց համար մերժելի, նույնիսկ ատելի, և հեշտ կլինի այդ լսարանի մոտ Արմենի հարցով իմ տեսակետների հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունք ձեւավորել և սեփական ասածները ավելի հեշտ անցկացնել:
Ինչպես ասացի, ցավում եմ իր փոխարեն:
Բայց քանի ինքն այդ թեման արհեստականորեն արծարծել է, կարճ անդրադառնամ դրան:
Այո, ես իրենց հետ ունեցել եմ և ունեմ շատ լուրջ անհամաձայնություններ, բայց ոչ իր ներկայացրած ծուռ հայելու և կիսատ ձեւով: Իրենք պնդում են, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի լծից ազատվելն է: Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից և դառնա Միացյալ Նահանգների դաշնակիցը: Իրենք երկար ժամանակ ամբողջությամբ անտեսում էին Թուրքիայի գործոնը: Ներկայում անկարող են անտեսել, ուստի ասում են, թե դաշնակից ԱՄՆ-ը մեզ կպաշտպանի թե՛ Թուրքիայից, թե՛ Ռուսաստանից: Իմ տեսակետը եղել և շարունակում է մնալ այն, որ դա ցնորք է, չի լինելու ԱՄՆ-Հայաստան դաշինք:
Ես ասել ու շարունակում եմ ասել, որ եթե Հայաստանն ունենար միայն Ռուսաստանի խնդիր, լիներ Ռուսաստանի վասալը, բայց չլիներ Թուրքիայի նման երկրի հարեւանը, ապա այո՛, Ռուսաստանից պոկվելը պետք է լիներ Հայաստանի թիվ մեկ խնդիրը: Բայց երբ դու ունես Թուրքիայի նման հարեւան և ո'չ կարող ես ինքդ քեզ պաշտպանել, ո'չ էլ ունես քեզ պաշտպանող իսկական դաշնակից, ապա Ռուսաստանից պոկվելու պարագայում անմիջապես հոշոտվում ես Թուրքիայի կողմից: Այս պայմաններում Ռուսաստանից պոկվելը համարել թիվ 1 խնդիր՝ համազոր է ինքնասպանության: Այս մասին և ԱՄՆ-Հայաստան դաշինքի ցնորք լինելու մասին գրել եմ 2019 և 2020թթ.: Գրել եմ նաեւ այս վերջին օրերին:
Առնվազն 2019թ.-ից նրանց ասել եմ, որ Թուրքիան գալիս է մեր տարածաշրջան: Չեն լսել, արհամարհել են: Նույնն ասել եմ 2020թ.-ի ամռանը, նախքան պատերազմը: Նույնպես չեն լսել: Երբ 2020թ. օգոստոսին Նախիջեւանում և Ապշերոնում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական մեծ զորավարժությունները Հայաստանում աղմուկ բարձրացրին, նրանք հանրությանը կոչ արեցին հատուկ ուշադրություն չդարձնել դրանց՝ պնդելով, որ դրանք  սովորական զորավարժություններ են, առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: Չէին ուզում, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանա Թուրքիայի ուղղությամբ և հեռանա իրենց համար մտասեւեռում դարձած Ռուսաստանից: Մեկ ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը: Սա է եղել և շարունակում մնալ նրանց աշխարհաքաղաքական հորիզոնը:
Պատերազմից հետո, իհարկե, չեն կարող ասել, որ Թուրքիա չկա: Հիմա մե՛կ ասում են, որ Ռուսաստանը մեզ հանձնում է Թուրքիային, մե՛կ ասում են, որ ուզում է ձեւավորել նոր ԽՍՀՄ, մեզ ներառել իր կազմի մեջ, մե՛կ ասում են, որ տեղի է ունենալու Ռուսաստան-Թուրքիա պատերազմ: Անխտիր բոլոր դեպքերում ասում են, որ մեզ փրկելու է Ամերիկան: Իմ համոզմամբ՝ գտնվում են աշխարհաքաղաքական զառանցանքների մեջ: Իրական, իրապաշտական պատկերացում չունեն, թե ինչ գործընթացներ են աշխարհում, լայն տարածաշրջանում, Այսրկովկասում:
Սա է եղել իմ «ռուսամետությունը»:

Ալեք Ենիգոմշյան