Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակի օրը ծնված Արտակը անմահացավ հանուն հայրենիքի․ նա այսօր դարձավ 20 տարեկան․ տեսանյութ

Այսօր՝ հունվարի 28֊ին, Արտակ Գրիգորյանը դարձավ 20 տարեկան։ Ինչու՞  ներկա ժամանակով, որովհետև անհնար է Արտակի մասին խոսել անցյալով, անհնար է պատկերացնել, որ հայ ժողովրդի անպարտելի ոգու խորհրդանիշներից մեկը՝  անվախ զինվորը, կարող էր ինչ-որ պահ խոցելի լինել։

Նա ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Դողսում: Գեղեցկադեմ   տղան մանկության տարիներին ճարպիկ և աշխույժ էր: 2020թ-ի հունվար-ապրիլ ամիսներին սովորել է Էջմիածնի ԴՕՕՍԱՖ ՍՊԸ-ն, գերազանց հանձնելով բոլոր քննությունները, ստացել է վարորդական վկայական, ձեռք բերելով վարորդի մասնագիտություն: Նույն թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Մեղրիի զորամասում:  Արտակը ազնիվ, բարի, կամեցող, բանիմաց, աշխատասեր տղա էր, բոլորն էին սիրում նրան, չափից դուրս կարգապահ էր, երկու ամսվա մեջ հասցրել էր աչքի ընկնել իր խելքով և ճարպկությամբ` արժանանալով հրամանատարների գովեստի խոսքերին։  Ուրալ մեքենայի վարորդ է եղել: Հոկտեմբերի 2-ին ներառվելով հրետանավորների վաշտում, Արտակը տեղափոխվել է Արցախ՝ գյուղ Իշխանաձոր։ Թեժ մարտերի է մասնակցել Ջրականում,  Այգեհովիտում, Իշանաձորում, որի պաշտպանական մարտերի ժամանակ էլ   հոկտեմբերի 18-ի երեկոյան զոհվել է։ ԴՆԹ հետազոտությունը հաստատվել է փետրվարի 5-ին, հուղարկավորվել է փետրվարի 9-ին հայրենի Դողս գյուղում: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով  հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 
«Սպասում էր ծննդյան տարեդարձին, չէր սիրում  մեծ հավաքույթներ, սիրում էր նշել նեղ ընկերական միջավայրում։ Հունվարի 25-ին էլ կրտսեր եղբոր` Անդրանիկի ծննդյան տարեդարձն է, Արտակը միշտ ցանկանում էր երկուսի ծննդյան տարեդարձները  միասին նշել» ֊ պատմում է Սրբուհի Գրիգորյանը՝  Արտակ Գրիգորյանի քույրը։ 
 
«Արտակը, երբ նոր էր զորակոչվել բանակ, արդեն ծրագրում էր. ասում էր, երբ հունվարի վերջ վեց ամիսս կլրանա օտպուսկ կգամ կնշենք իմ ու ախպորս ծնունդը, հետո մեկ էլ խոսքը փոխում ասում էր՝ էէէ ինչ իմանամ կարողա փետրվարին թողեն գամ» ֊ ասաց Սրբուհի Գրիգորյանը։ 

Արտակը փետրվարի 9֊ին եկավ տուն, բայց ցավոք ոչ իր ոտքով։