«Փորձագիտական էլիտան պետք է խոսի Ռուսաստանի պատասխանատվության մասին»․Հակոբ Բալայանը՝Սյունիքի մասին հնչող սպառնալիքների մասին

Հայաստան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարծիքներ կան, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հարվածել Սյունիքին, կամ հող են նախապատրաստում, կամ համանման մի բան: Որ Սյունիքը թուրքական պետության ռազմավարական թիրախ է, էստեղ որեւէ կասկած չկա: Բայց, երբ խոսվում է հարվածի մտադրության կամ հող նախապատրաստելու մասին, ապա դա նշանակում է խոսել էն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ վրա, որովհետեւ Սյունիքը նրանց անվտանգային պատասխանատվության գոտի է չէ՞: Թե՞ այդպես չէ: Ըստ այդմ տարօրինակ է, որ կարծիք հնչեցնելով, թե թիրախավորում են Սյունիքը, հեղինակները շարունակում են՝ պետք է ավելի խորը հարաբերություն հաստատենք Ռուսաստանի հետ:
Որ անվտանգային հարցում Ռուսաստանը մեր առաջնային աշխատանքի ուղղություններից է, սերտ աշխատանքի հասցե, կասկած չկա: Բայց, եթե մենք արդեն իսկ հնչեցնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը այսպես, այնպես, ուրեմն դրանով խոստովանում ենք, որ բացարձակ նշանակություն չունի, թե ինչքան խորն ես աշխատում ՌԴ հետ: Որովհետեւ, եթե ՌԴ պաշտպանելու է Սյունիքը՝ դա կանի առանց խորը աշխատանքի էլ, իսկ եթե ոչ՝ ինչքան խորը ուզում եք աշխատեք, չի պաշտպանելու: Որովհետեւ ռուսներն էլ, ինչպես բոլորը, գնում են ընդամենը իրենց շահի հետեւից՝ իրենց կարողության չափով:
Ըստ այդմ, կամ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի հավակնություններով ընդամենը օգնում են Ռուսաստանին Հայաստանում առաջ տանել այսպես ասած խորը ինտեգրացիայի միտքը, հասունացնելով այն: Կամ այդ միտքը հերթական ալիբին է, որ, եթե ռուսները հերթական անգամ անզոր լինեն դիմագրավել Թուրքիային, պատասխանատվությունը մնա «խորը չինտեգրված» Հայաստանի վրա:
Ինչ անել: Տրամաբանությունը հուշում է, որ հայ հասարակությունը կամ այսպես ասած հասարակական-քաղական, փորձագիտական էլիտան պետք է խոսի Ռուսաստանի պատասխանատվության մասին՝ եթե տասնամյակ շարունակ եւ առ այսօր հանրությանը համոզում է, որ Թուրքիայից մեզ փրկողը միայն Ռուսաստանն է: Մինչդեռ հայտնվող կարծիքները կամա, թե ակամա Ռուսաստանին են օգնում պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա եւ մղել ավելի անկյուն, որ փակվի նաեւ անվտանգային այլ միջազգային ռեսուրս ձեւավորելու Հայաստանի հնարավորությունը: Ինչը մեծ հաշվով արել են վերջին մոտ երեք տասնամյակում պարբերաբար»: