Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրիական 2 ընկերություն իրենց տեխնոլոգիաները կներդնեն Հայաստանում՝ լեռնադահուկային նոր հանգստավայրում և հիդրոէլեկտրոկայանի մոդեռնիզացման ոլորտում

Այսօր՝ փետրվարի 3-ին կայացավ հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը և հայ-ավստրիական գործարար համաժողովը։ 

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին հայկական կողմից՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, իսկ ավստրիական կողմից՝ Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն Ֆլորիան Ֆրաուշերը։

«Հայ-ավստրիական համագործակցության հիմնական շրջանակը գյուղատնտեսության ոլորտում է, սակայն նպատակներ կան ընդլայնելու համագործակցության շրջանակները։ Այդ համատեքստում կստորագրվի երկկողմ հուշագիր Հայաստանի և Ավստրիայի միջև 8-րդ միջկառավարական նիստի պայմանավորվածությունների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու հավելեց․ «Բացի սրանից ունենք նաև 2 այլ հուշագրեր, քանի որ տեղի է ունենում հայ-ավստրիական բիզնես ֆորումը։ Այս ֆորումի շրջանակներում Ավստրիայից Հայաստան են ժամանել ավստրիական գրեթե 20 ընկերություն, իսկ հայկական կողմից ֆորումին մասնակցելու համար հերթագրվել են մոտ 200 ընկերություններ։ Ֆորումի ընթացքում կքննարկվեն հայկական և ավստրիական բիզնես կապերի ստեղծման հարցերը»։ 

Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրեց, որ բիզնես համաժողովի ժամանակ ստորագրվող 2 հուշագրերը հայկական և ավստրիական ընկերությունների միջև են․ «Ավստրիական «Դոպել մայեր» ընկերությունը կստորագրի հուշագիր հայկական «Մայլեր» ընկերության հետ։

Այս ընկերությունը Հայաստանում լեռնադահուկային նոր հանգստավայր է կառուցում և ավստրիական տեխնոլոգիաները կներմուծվեն Հայաստան։ Իսկ երկրորդ հուշագիրը վերաբերում է՝ Երևան-Հրազդան-Կասկադ հիդրոէլեկտրոկայանի մոդեռնիզացմանը, որն իրականացվում է հիդրոէլեկտրոկայանների կառուցման և մոդեռնիզացիայի շրջանակներում»։ 

Civic.am-ի հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի ավստրիական կողմն այս գործարար համաժողովից՝ միջկառավարական հանձնաժողովի ավստրիական կողմից համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը պատասխանեց․ «Մենք իրապես հետաքրքրված ենք օրինակ վերականգնվող էներգիայով, բայց ոչ միայն այս դաշտով նաև այլ բնագավառներով ենք հետաքրքրված։ Կա մեծ պոտենցիալ, մենք ունենք ավստրիական մեծ բիզնես պատվիրակություն, որոնք կարող են համագործակցել հայկական ընկերությունների հետ։ Մենք ուրախ ենք, որ կարող ենք ստորագրել տարբեր պայմանագրեր։ Կցանկանայինք համագործակցել նաև արդյունաբերության, տնտեսական թվայնացման ոլորտներում»։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում