Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտակերտցիներն ադրբեջանական շարասյան ճանապարհը փակել էին՝ պահանջով, որ չկրակեն իրենց երեխաների վրա. Տեսանյութ

Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ Մազավուզ գյուղի մոտ փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը և թույլ չեն տվել անցնել։ Տեղի չտալով խաղաղապահների հորդորներին՝ մարտակերտցիները հասել են նրան, որ շարասյունը հետ է գնացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ճանապարհը փակելու հիմնական պատճառը, ինչպես նշեց տիկին Հակոբյանը, երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից Արցախի ՊԲ զինծառայողին հասցված ծանր վիրավորումն էր։

«Այդպես մարդիկ իրենց բողոքն են արտահայտել։ Քաղաքավարի ձևով խաղաղապահներին հասկացրել են, որ այդ ինչպե՞ս է, որ մենք թույլ ենք տալիս մեր ճանապարհներով ադրբեջանական շարասյուններն անցնեն, ամեն ինչի համակերպվում ենք, բայց իրենք մեր երեխաներին թիրախավորում են։ Եթե կա պայմանավորվածություն, ուրեմն իրենք էլ պետք է պահեն այդ պայմանավորվածությունը։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,-մանրամասնեց տիկին Հակոբյանը։

Ադրբեջանական շարասյունը հետ է գնացել այն բանից հետո, երբ խաղաղապահներն ասել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։