Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրթության նախարարությունը կայացած չի համարում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը. «ՀԺ»

Կրթության նախարարությունը կայացած չի համարում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը. «ՀԺ»
Հայաստան
11:14, 17 март 2021
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում եւ չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:
Պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է:
«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- պատասխանելով մեր հարցմանը, թե հնարավո՞ր է նախարարությունը բողոքարկի Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքները՝ նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Նա ավելացրեց, որ իրականում, ըստ փաստաթղթերի, որի պատճենները ստացել են նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, այդ արձանագրությունը ստորագրվել է միայն երկու հոգու կողմից, այսինքն ՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:
Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում