Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափերը կբարձրացվեն. նախագծում փոփոխություն է կատարվել

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափերը կբարձրացվեն. նախագծում փոփոխություն է կատարվել
Հայաստան
13:59, 17 март 2021
Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, բայց որոշվել է առաջարկվող տուգանքը նվազեցնել՝ աշխատավարձի 5 հազարապատիկը դարձնելով 3 հազարապատիկի, 10 հազարապատիկը՝ 6 հազարապատիկի չափերով:
Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափերին: Գործող օրենքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչեւ հազարապատիկի եւ 2 հազարապատիկի չափով: Ալեն Սիմոնյանն առաջարկում է այն դարձնել համապատասխանաբար 3 եւ 6 հազարապատիկ:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ Կառավորությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափերի հետ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից 3 հազարապատիկ է: Ըստ առաջարկի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման շեմը զրպարտության համար պետք է սահմանել նվազագույն աշխատավարձի մինչեւ 3 հազարապատիկի, վիրավորանքի համար՝ մինչեւ 2 հազարապատիկի չափերով:
Հեղինակի համար Կառավարության ներկայացուցչի առաջարկն ընդունելի չէ: Ըստ նրա՝ վիրավորանքն ու զրպարտությունն անգամ քրեականացնելու արժանի արարքներ են:
Կառավարության առաջարկը դրվեց քվեարկության եւ չընդունվեց:
Օրինագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն եւ ԱԺ հերթական նիստերում քննարկման համար սահմանվեց մինչեւ 3 ժամ: