Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի անդամը «անհասկանալի է» որակում ռեկտորի ընտրությունը բողոքարկելու ԿԳՄՍ-ի հիմքը

Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի անդամը «անհասկանալի է» որակում ռեկտորի ընտրությունը բողոքարկելու ԿԳՄՍ-ի հիմքը
Հայաստան
17:29, 17 март 2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը Civic.am-հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍ խոսնակի այն հայտարարությանը, թե հնարավոր է նախարարությունը բողոքարկի ՀԱՊՀ նոր ռեկտոր Գոռ Վարդանյանի ընտրության քվեարկության արդյունքները, այն անհիմն որակեց։ 

«Անհասկանալի է, թե ԿԳՄՍ բողոքարկման հիմքը ո՞րն է լինելու։ Քվեարկության արդյունքները ամփոփելիս, երբ երևաց, որ թեկնածուն հավաքել է անհրաժեշտ ձայները՝ ԿԳՄՍ ներկայացուցիչը, ով հանձնաժողովի նախագահն է՝ ասաց, որ խախտումներ են տեղի ունեցել»,-նշեց հոգաբարձումների խորհրդի անդամը՝ հավելելով․ «Նա առանձնացրեց քվեաթերթիկներ, որոնք իբր անվավեր են։ Հանձնաժողովում քվեարկության դրվեց երեք քվեաթերթիկ, որոնցից մեկը անվավեր ճանաչվեց, որից հետո պետք է ստորագրվեր։ Այդ ժամանակ հանձնաժողովի անդամները ասացին, որ կդիմեն իրավապահներին»։

ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է․ «Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանի խոսքով՝ քվեարթերթիկներից մեկում համապատասխան նշումը փոքր էր․ «Բայց այդտեղ անդամների մեղքը ո՞րն է, երբ ըստ մյուս անդամների՝ դա վավեր քվեաթերթիկ է։ Հանձնաժողովի երկու անդամները հայտարարեցին հեռանալու մասին, իսկ երրորդ անդամը ասաց, որ ձեռնպահ է մնում ստորագրել»։ 
Վարդան Պետորսյանը հավաստեց, որ հետո, արդեն հոգաբարձուների խորհրդի քվեարկության ժամանակ «ձեռնպահ» քվեարկած անդամը «կողմ» է քվեարկել արձանագրության հաստատմանը։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի լուրերը, որ ռեկտոր ընտրված Գոռ Վարդանյանը ՀՀԿ անդամ է եւ Արմեն Աշոտյանի սանիկը, Պետրոսյանը պատասխանեց․ «Կուսակցականության խնդիր չկա իմ կարծիքով, ես դա առաջին անգամ եմ լսում, ով ինչ ասես կարող է ասել, այստեղ մենք քվեարկության ենք դնում մարդու աշխատանքային հմտությունները եւ ընդունակությունները»։

ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը պատասխանելով մեր հարցին, թե նախարարությունը կբողոքարկի՞ ընտրության արդյունքները, ասաց․ «Նախարարությունը դեռ այդ առումով որեւէ դիրքորոշում չի արտահայտելու, մինչեւ որ Պոլիտեխնիկից ստանանք համապատասխան փաստաթղթերը, որից հետո, երբ ստանանք եւ ուսումնասիրենք՝ կարտահայտենք դիրքորոշում»։

Հիշեցնենք,որ ՀԱՊՀ ռեկտորի ընտրությանը հետեւեց ռեկտորի թեկնածուներից Դավիթ Ղազարյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Այդ քայլով նա անհամաձայնություն էր հայտնել ՀԱՊՀ ռեկտորի մրցույթի անցկացմանը: «Այլևս չեմ պատկերացնում իմ ապագան կեղծիքներով լի Պոլիտեխնիկում: Հուսով եմ, որ Պոլիտեխնիկը կմաքրվի այդ կեղտից, եւ ես կվերադառնամ»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա:
Գեղամ Ադյան