Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին

Հակոբ Արշակյանը նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին
Հայաստան
19:34, 25 февраль 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին` նոր Պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը ողջունել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին, նշել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգում կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել:

«Ըստ Հակոբ Արշակյանի՝ ներկա քաղաքական իշխանությունը ջատագովն է Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրական իրավունքի արդար եւ թափանցիկ իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ զարգացման: Այս համատեքստում Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորել է Պաշտպանի եւ նրա գրասենյակի պրոֆեսիոնալ, անաչառ գործունեությունը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն օժտված է մարդկային լավագույն հատկանիշներով, անաչառ ու պատասխանատու է իր աշխատանքի նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում՝ ի նպաստ մեր պետության ու մարդու իրավունքների պաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին իրեն ներկայացնելու համար: Նորընտիր Պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռեւս անելիքներ կան: Հաշվի առնելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարեւորությունը: