Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ականների այցը Շիրակ. Այցելություն Գյումրու տնակային ավան և հանդիպում գերիների հարազատների հետ․ Նազելի Բաղդասարյանը հանդես եկավ Գյումրիում համերգասրահ կառուցելու նախաձեռնությամբ

ՔՊ-ականների այցը Շիրակ. Այցելություն Գյումրու տնակային ավան և հանդիպում գերիների հարազատների հետ․ Նազելի Բաղդասարյանը հանդես եկավ Գյումրիում համերգասրահ կառուցելու նախաձեռնությամբ
Հայաստան
20:56, 25 февраль 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 19 հոգանոց կազմը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ այսօր այցելել էր Շիրակի մարզ։  

Հիշեցնենք, որ նախորդ անգամ այցելել էին Վայոց ձորի մարզ։ ՔՊ-ն լինելու է բոլոր մարզերում, նաև` Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Պատգամավորները մարզպետարանում փակ հանդիպում ունեցան գերեվարվածների հարազատների հետ, ապա մարզպետ Նազելի Բաղդասարյանի և փոխքաղաքապետներ Արթուր Պապիկյանի և Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ եղան Գյումրու տնակային թաղամասերում և վթարային շենքերում։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասաց, որ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հաշվառումով Գյումրիում դեռ 2765 տնակ կա։ Հայկ Կոնջորյանն ասաց, որ նպատակը առկա խնդիրներին ծանոթանալն է։  

«Խմբակցությունը, ինչպես որ հանձն է առել ընտրություններից առաջ մեր քաղաքացիների, ժողովրդի հետ մեր կապը պահելու, անելու ենք մշտական և ամենօրյա ռեժիմով։ Այսօրվա այցը մեր խոստման առհավատչյան է, որովհետև մենք ասել ենք՝ մեր ժողովրդին չենք այցելելու միայն ընտրությունից ընտրություն»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Պատգամավորները հաջորդիվ մեկնեցին Աշոցք և Արթիկ, ծանոթացան համայնքների խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։ Այցը եզրափակվեց Գյումրու Հայորդաց տանը` Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով։  

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը համերգից հետո իր ելույթում ասաց, որ նվագախումբը չունի դահլիճ, և ինքը նախաձեռնությամբ է հանդես գալու` դրամահավաք իրականացնել համերգասրահի խնդիրը լուծելու համար։ Նաև ակնկալելու են պետության աջակցությունը։  Մարզպետը նշեց, որ տարածքը կա` Գյումրու Կոնսերվատորիայի հետնամասում, համայնքի բնակիչների, սփյուռքի ներդրումով և պետական աջակցությամբ հնարավոր կլինի լուծել Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը։  

Վովա Հակոբյան