Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Երևանի պետական համալսարան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Երևանի պետական համալսարան
Հայաստան
22:33, 28 февраль 2022
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փետրվարի 28-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին ու նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդլայնման հնարավորությունները: 

Հանդիպմանը մասնակցում են ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: 

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, ռեկտորն Անն Լույոյին է ներկայացրել ԵՊՀ-ի գործունեությունը, բարեփոխման ծրագրերը, նշել, որ ԵՊՀ-ն տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական առաջատար բուհերի հետ՝ իրականացնելով փոխանակման և ակադեմիական այլ ծրագրեր: 

«Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց ԵՊՀ-ի փոխգործակցությունը ֆրանսիական բուհերի հետ և հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ կհաստատվեն համագործակցային նոր կապեր, կգրանցվեն հաջողություններ, կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր: 

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևոր համարեց երկու երկրների համալսարանների միջև կապերը, վստահեցրեց, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նշեց նաև, որ ֆրանսերենի ուսուցումն իրենց հետաքրքրությունների առաջնահերթություններից է, և որ այդ հարցում էլ իրենք կարող են օգտակար լինել ու նպաստել խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ Ալեքսանդր Մարգարովը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրել է այն ոլորտները և ուղղությունները, որոնց շրջանակում ԵՊՀ-ն համագործակցում է ֆրանսիական բուհերի հետ: Ըստ Միջազգային համագործակցության վարչության պետի՝ ԵՊՀ-ն այս պահին ունի 7 գործող համաձայնագիր ֆրանսիական բուհերի հետ, որոնցից 3-ի շրջանակում իրականացվում են կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր: 
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սարգսյանն էլ խոսել է ամբիոնի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ Լիլի և Էքս Մարսելի համալսարանների հետ համագործակցության շրջանակում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկելու են կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական նոր ծրագրեր: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների գործակցությանը:

Հանդիպման ավարտին Անն Լույոն այցելել է ԵԼՀ ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն, եղել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կահավորված Ակադեմիական նվաճումների կենտրոնում:
 
Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առավել մանրամասն քննարկել համագործակցության ոլորտները: