Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատավարձի հավելում կստանան այն ուսուցիչները, որոնք ատեստավորման ժամանակ կապահովեն առնվազն 80% արդյունք

Աշխատավարձի հավելում կստանան այն ուսուցիչները, որոնք ատեստավորման ժամանակ կապահովեն առնվազն 80% արդյունք
Հայաստան
10:43, 18 март 2021
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում խոսեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ պատրաստվում են այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման համակարգը,գրում է armtimes.am-ը։

Նա նաեւ նշեց, որ հաջողությամբ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում կբարձրանա 30-50 տոկոսով:

Իսկ արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար, թե՞ նոր ատեստավորում է կազմակերպվելու: Այդ ատեստավորումը կամավո՞ր, թե՞ պարտադիր է լինելուսա նո՞ր հնարավորություն է ուսուցչի համար, թե՞ լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Եվ, ի վերջո, քանի՞ ուսուցիչ կստանա աշխատավարձի հավելավճար:
Սրանք հարցեր են, որոնք առաջին հերթին հուզում եւ հետաքրքրում են ուսուցիչներին:
Կրթության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ծրագրից տեղեկանում ենք, որ աշխատավարձերի բարձրացման նպատակով ուսուցիչների ատեստավորումը կլինի կամավոր: Հավելյալ վարձատրության իրավունք կստանան այն մանկավարժները, որոնք 80 տոկոս եւ ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի:
Կլինեն նաեւ ատեստավորումը չանցած ուսուցիչներ, եւ այդ դեպքում հնարավոր է՝ նրանք զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ վերաատեստավորման ժամանակ եւս չկարողանան դրական արդյունք ապահովել: Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:
Կամավոր ատեստավորումը վերաբերելու է միայն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչներին, եւ ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի: Կամավոր ատեստավորումը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով:
Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցչի մանագիտական գիտելիքների ստուգումով էլ այս ատեստավորումը տարբերվելու է պարտադիր ատեստավորումից, որի ժամանակ ստուգվում է մանկավարժի օրենսդրական գիտելիքները, ոչ թե մասնագիտական: Այսինքն՝ կամավոր ատեստավորման միջոցով կբացահայտվի, թե ուսուցիչն ինչպիսի որակական ցուցիչներ ունի:
Նշանակում է, որ նախկին՝ պարտադիր ատեստավորումը եւս կշարունակի մնալ: Այս նոր՝ կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացն աստիճանաբար փոխարինել կամավոր ատեստավորման սկզբունքներով:   
Նախարարությունից տեղեկացանք, որ կամավոր ատեստավորման հայտագրումը կլինի առաջիկայում, ինչի մասին նախապես կհայտարարվի: Իսկ արդեն մոտավորապես սեպտեմբերից կսկսվի ատեստավորման բուն գործընթացը:
Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում) դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:
Կրթական գերատեսչությունն ունի նաեւ նախնական կանխատեսումներ՝ կապված ատեստավորման մասնակիցների թվի եւ նրանց կողմից ցուցաբերվելիք արդյունքների մասին:
Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ առաջին տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի ընդհանուր ուսուցիչների թվի 4.2 տոկոսը, որոնց 76.8 տոկոսը կստանա հավելավճար: Երկրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 13.9 տոկոս, որոնց 81,8 տոկոսը կստանա հավելավճար, երրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 23.1 տոկոս, որոնց 88 տոկոսը կստանա հավելավճար:
Այսպիսով՝ ըստ նախնական կանխատեսումների՝ 3 տարվա ընթացքում կամավոր ատեստավորմանը կմասնակցի դասավանդող ուսուցիչների ավելի քան 46 տոկոսը, հավելավճար կստանա նրանց ավելի քան 41 տոկոսը, իսկ ատեստավորումը չանցած ուսուցիչների թիվը կկազմի 15 տոկոս:
Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում 2020 թ.-ի առաջին կիսամյակում ուսուցիչների մեկ դրույքի համար աշխատավարձը կազմել է 108. 000 ՀՀ դրամ, ապա, ըստ մոտավոր հաշվարկների, ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մոտ 32000 - 54000 դրամով: