Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաց դաս»-ի առանցքում եղել են կրթության ոլորտն ու դրա բարեփոխման հեռանկարները

«Բաց դաս»-ի առանցքում եղել են կրթության ոլորտն ու դրա բարեփոխման հեռանկարները
Հայաստան
20:48, 03 март 2022
Մարտի 3-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Նրանց հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը:

Զրույցն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում աշակերտները հետաքրքրվել են, թե կրթության եւ գիտության ոլորտում ինչ բարեփոխումներ են սպասվում:  Պատգամավորները մանրամասն պատասխանել են հնչեցված հարցերին:

Օրենսդիրները նկատել են, որ աշակերտներն օրենսդիր մարմին են այցելել կարեւոր մի իրադարձության ժամանակ, երբ  ընդամենը րոպեներ առաջ 71 կողմ ձայնով  Հանրապետության նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:

Բաբկեն Թունյանը եւ Սիսակ Գաբրիելյանը երեխաներին հորդորել են աննպատակ չվատնել ժամանակը, եւ լավ սովորել:  Բաբկեն Թունյանը նաեւ նշել է, որ գիտելիքն ամենակարեւոր ներդրումն է, որ նրանք կարող  են այժմ անել:

«Կրթությունն ամենակարեւորն է: Հաղթում է այն երկիրը, ժողովուրդը, որն իր երկրում ունենում եւ ձեւավորում է իրական կրթություն»,- ասել է երկար տարիներ մանկավարժ  աշխատած Հակոբ Ասլանյանը: Նա անդրադարձել է նաեւ խորհրդային երկրների կրթական համակարգին, ներկայացրել դրա լավ եւ վատ կողմերը:

Հյուրերը հանդիպումից հետո ճանաչողական այցով շրջել են խորհրդարանի շենքում, նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստի աշխատանքին, լուսանկարվել: