Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թ. hունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելի շատ մարդ է ծնվել. նվազել են մահացության դեպքերը, աճել է կենսունակության գործակիցը

2022 թ. hունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելի շատ մարդ է ծնվել. նվազել են մահացության դեպքերը,  աճել է  կենսունակության գործակիցը
Հայաստան / Հասարակություն
21:40, 07 март 2022

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն շտապ եղանակով  ամփոփել է 2022թ. հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ու ներկայացրել  բնակչության բնական շարժի վերաբերյալ նախնական տվյալները: 

2022 թ. hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 101.0%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում  արձանագրված 93.4  %-ի համեմատ:  

ՀՀ-ում  մահացությունը, ըստ մահվան հիմնական պատճառների,  2022 թ․ հունվարին ունեցել է հետևյալ պատկերը՝ մահացության թվաքանակը կազմել է 2 840 մարդ, որից 134-ը՝ COVID-19 վիրուսից։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում  հիշյալ վիրուսից ավելի շատ մարդ է մահացել ՝ 336  հոգի։ Նորագոյացություններից մահացության դեպքերը,   ի տարբերություն նախորդ տարվա,   հաշվետու ժամանակաշրջանում  աճել են՝ կազմելով  447 դեպք,  նախորդ տարի մահացության  դեպքերի թիվը 436 էր։ 

ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվարի դրությամբ ունի   հետևյալ պատկերը․ 2020 թվականի նույն ժամանակահատվածում   ծնվել է 2 751 մարդ,  2021-ին՝ 2 8152 մարդ,  2022-ին՝ 2 868 մարդ։ 2020-ին մահացել է 2 655, 2021-ին՝ 3 014, 2022-ին՝ 2 840 մարդ։  Բնական հավելաճը 2020-ին կազմել է 96, 2021-ին՝ -199,  2022-ին՝ 28։ 2020-ի հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել  է ամուսնության 1000 դեպք, 2021-ին՝ 1 124, 2022-ին՝ 1 108։ 2022-ի տվյալներով  աճել են ամուսնալուծությունների դեպքերը՝ կազմելով 371 դեպք։ 2021-ին ամուսնալուծության 270, իսկ 2020-ին՝ 308 դեպք էր արձանագրվել։