Քաղաքացիակենտրոն
լրատվություն

19 հոգուց միայն մեկ զինվոր է կարողացել փրկվել․ Հրաչը, մյուսներն ու հրամանատարները զոհվել են

19 հոգուց միայն մեկ զինվոր է կարողացել փրկվել․ Հրաչը, մյուսներն ու հրամանատարները զոհվել են
Հայաստան
13:12, 19 март 2021
Անմահացած 19- ամյա Հրաչ Մահտեսյանը իր զինակից ընկերների, սպաների և հրամանատարի հետ միասին  եղել է նույն մեքենայում, երբ ԱԹՍ-ն հարվածել է նրանց։ 19 հոգուց միայն մեկ զինվոր է կարողացել փրկվել, իսկ Հրաչն ու մյուսները, այդ թվում՝ սպաներ, հրամանատարներ, բոլորը զոհվել են։

Հրաչը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր։ Դպրոցն ավարտելուց հետո 6 ամիս սովորել է Գյումրիի ավտոդպրոցում։ Ծառայել է որպես վարորդ՝  Մեղրիի զորամասում՝ սակրավորների վաշտում։
Հրաչը, ինչպես և վաշտի մյուս զինվորները, գաղտնի են պահել իրենց ընտանիքներից, որ պատերազմի դաշտում են։ 

«Իրականում պատերազմի առաջին օրից եղել են ամենաթեժ կետերում՝ Ջաբրայիլում,  Իշխանաձորում։ Ջաբրայիլում՝ հետ նահանջի ժամանակ, ընկել են շրջափակման մեջ, հետո նորից դուրս էկել։ ԱԹՍ-ի հարվածը իրանք ստացել են Իշխանաձորից Հորադիզ-Հադրութ տեղափոխվելիս։ Հրամանատարները ասել են՝ մենք մեր էրեխեքին մենակ չենք թողնի և նրանց հետ միասին Ուրալով գնացել են,ու բոլորով զոհվել նույն օրը», - պատմում  է հերոսի մայրը՝ տիկին Ալմաստը։

Վերջին անգամ ընտանիքը Հրաչի հետ խոսել է հենց զոհվելու օրը՝ հոկտեմբերի 9-ին։ Այդ օրը արդեն խոստովանել էր, որ կռվի դաշտում է։
«Վերջին օրը պատմում էր՝ ինչ են տեսել էնտեղ։ Ասում էր երկնքից կրակ է թափվում, էսի զենքի կռիվ չէ, էսի օդի կռիվ է։ Չգիտեմ ինչ պիտի եղնի, բայց մենք պիտի հաղթինք, էս ամենը մեզնով պիտի վերջանա։ Մեր էրեխեքը էս չպիտի տեսնին։ Ու ինքը էդ պահերին էլ էլի մտածում էր ախպոր մասին, որ իրա Անդոն էլ կռիվ չերտա», - պատմում  է տիկին Ալմաստը։

Ընտանիքը որդու մահվան մասին իմացել է 2 օր անց՝ հոկտմեբերի 11-ին՝ հեռուստացույցով հայտարարված զոհերի ցուցակից։ Սակայն որդու մարմինը գտել են հոկտեմբերի 17-ին․շ
«ԴՆԹ-ով է հաստատվել։ Իրանք վառվել էին լրիվ, ոչ մեկը չկար, ԴՆԹ-ով ենք լրիվին գտել»։

Տիկին Ալմաստը Հրաչին չափազանց լուրջ ու խոհեմ է բնութագրում։Հրաչի երազանքը բանակից հայրենի գյուղ վերադառնալն էր։ 
«Ուզում էր իր համար 2 հարկանի տուն կառուցել, որ ըսեին՝ էդի Հրոյի տունն է։ Շատ լուրջ, համեստ, չափից դուրս խելացի տղա էր՝ ոնց որ մեծ մարդ։ Մեծ մարդը էդքան լուրջ ու խելացի չէր լինի, ոնց ինքը։ Իր ախպոր համար շատ մտածկոտ էր։ Ինքը հայր էր իրենից 4 տարի փոքր եղբոր համար», - պատմում է նա։

Մայրը առանձնահատուկ սիրով է խոսում որդու զինծառայակիցների և հրամանատարի մասին։ Ասում է  վաշտում շատ համերաշխ էին բոլորը։ Եղբայրների պես էին միմյանց հետ, իսկ  հրամանատարները զինվորներին երեխայի պես էին ընդունում։

Տիկին Ալմաստը նշում է հրամանատարի խոսքերը՝ իր կնոջն  ուղղված,որը կինն է փոխանցել զինվորների մայրերին՝հիշելով,թե որքան ուշադիր էր ամուսինը զինվորների հանդեպ․

«էրեխեքիս բաժին հանե՞լ եք, իմ տղեքիս բաժին հանել ե՞ս»,-ասել է հրամանատարը կնոջը։

«Ու ջահել էր հրամանատրն էլ՝ 96 թիվ էր։ Շատ ուրիշ ձև կապված էին իրար հետ», - պատմում է հերոսի մայրը։

Մոր խոսքով՝ հատկապես փոքր որդին շատ ծանր է տանում եղբոր կորուստը․

«Շատ դժվար է, շատ։ Նկարներ, վիդեոներ․․ էլ ուրիշ ոչ-մի բան չունենք իրենից,  իրա նկարներն ու վիդեոները մնացին․․»։

Հայրենիքին կյանքը տված հերոս Հրաչ Մահտեսյանը հուղարկավորվել է Ազատանի հերոսների պանթեոնում։

Սյուզի Սիրեկանյան