Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«էրեխեքը շարունակում են ծառայել այն նույն տեղում, որտեղ եղբայր են կորցրել, ընկեր են կորցրել»․ ժամկետայինների ծնողների բողոքը

Այս պահին Կառավարության դիմաց Արցախում ծառայող ժամկետային ժամկետայինների ծնողները հավաք են կազմակերպել։
Ծնողների պահանջը իրենց զավակներին զորացրելն է։ Այն զինվորները, որոնք մասնակցել են պատերազմին և դեռ շարունակում են ծառայությունը՝ Արցախում և նաև Հայաստանի Հանրապետությունում, պետք է վաղաժամ զորացրվեն, քանի որ նրանք հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ չեն այլևս ծառայությանը:

Այս պահին ծնողներից 2-ը, ներկայացնելով նաև մյուս բոլոր ծնողներին, վարչապետի հետ հադիպման են: Հանդիպումը նախապես էր պլանավորված: Նրանք 12-ին 15 պակաս են մուտք գործել կառավարության շենք, իսկ մյուս բոլոր ծնողները անհամբեր սպասում են հանդիպման ավարտին: 

«Պահանջները դեռևս նոյեմբեր ամսվանից ենք ներկայացրել՝ երեխաների զորացրումը, քանի որ էդ էրեխեքը այլևս ի վիճիակի չեն էդ տարածքում շարունակելու իրենց ծառայությունը ու ամբողջ հետպատերազմյան ծանրությունը շարունակում են էդ էրեխեքը կրել», -ասում է զինվորի մայրը:

Նրա խոսքով՝ մինչ օրս 2 անգամ հանդիպում են ունեցել վարչապետի հետ, այսօր 3-րդն է: Նախորդ հանդիպումների ժամանակ ասվել է, որ հարցը իրենց ամենօրյա օրակարգում է, սակայն ժամկետների կրճատուման մասով և քննարկումները ընթանում են: 

«Այս էրեխեքը արժանի են զորացրման․ իրենք 44 օր հերոս էին, պատերազմը ավարտվեց ու նոյեմբերի 11-ից այդ էրեխեքին մոռացան: Ոչ ոք ոչ առողջական վիճակով հետաքրքրվեց, ոչ գնաց տեսավ նրանց՝ ինչ պայմաններում են շարունակում իրենց ծառայությունը»:  

Զինվորի մոր խոսքով՝ տարրական պայմաններ նույնիսկ չկան զորամասերում. «էլ չեմ ասում հոգեբանական վիճակը, որ էրեխեքը շարունակում են ծառայել այն նույն տեղում, որտեղ եղբայր են կորցրել, ընկեր են կորցրել»: 
Հավաքված մյուս ծնողները նույնպես հաստատեցին նույն պահանջը: Հարցին, թե այսօր արդյոք սպասո՞ւմ են հարցի հագուցալուծմանը, ծնողներից մեկն ասաց՝ ոչ.

«Շատ ենք եկել: Միշտ ասում են լավ կլինի, բայց ոնց որ փափուկ բարձ դնեն գլխներիս տակ»:

Զինվորի մայրը տարակուսում է, թե հնարավոր չէ՞ր երեխաներին բուժզննման անցկացնել, տեսնել հոգեբանորեն ինչպե՞ս են ընդունել պատերազմը, ընկերների մահը: 

Սյուզի Սիրականյան