Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորվել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը

Կարևորվել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը
Հայաստան
17:16, 14 март 2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։ 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքով, առկա է մեծ ներուժ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել, երբ կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Մասնավորապես Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նոր խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացման համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի  Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի մատակարարման համար, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կանգ էր առել։ 

Ռոմեո Միկաուտաձեն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից էլ Վրաստանը նույնպես անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացման և հույս է հայտնել, որ այս հարթակում համագործակցությունը Հայաստանի հետ ևս հաջողված կլինի։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։