Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորվել է մի շարք ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը

Կարևորվել է մի շարք ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը
Հայաստան
21:13, 14 март 2022
2022 թվականի մարտի 8-9-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը և Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Արմենակ Մինասյանցը, Եվրոպայի խորհրդի հրավերով աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:
 
«Աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրերի վարչության տնօրեն Լիլյա Գրետարսդոտիրի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձաժողովի քարտուղարի տեղակալ Շնուց Դյուռի հետ:
 
Հանդիպումների ընթացքում երկուստեք կարևորվել է իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը:
 
Աշխատանքային այցը նախապատրաստվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ»,- նշված է գրառման մեջ: