Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին Հանդում խուճապ չկա, իշխանության ներկայացուցիչներն այցելել են դիրքեր. Ներքին Հանդի ղեկավար

Ներքին Հանդում խուճապ չկա, իշխանության ներկայացուցիչներն այցելել են դիրքեր. Ներքին Հանդի ղեկավար
Հայաստան
15:43, 16 март 2022
«Գյուղում  խուճապ չկա, շատ նորմալ վիճակ է, հավաքված ենք գյուղամիջում, զրուցում ենք, խորհրդակցում ենք գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ, մեր անելիքներն ենք որոշում, բայց բնակիչները, բնականաբար, անհանգիստ են, էդքան բան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Ներքին Հանդ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, որը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, թե  ադրբեջանցի զինվորականները շուրջ 10 օր առաջ 800-900 մետր իրենց դիրքից իջել են գյուղի վարչական  տարածք, հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում։

 Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզաբանելով, որ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը»։

Հարցին, թե այս պահին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն արդյոք հե՞տ են քաշվել, թե՞ շարունակում են մնալ տեղում, Ներքին Հանդի ղեկավարը, որն, ի դեպ, նշեց, որ քարտեզից այդքան էլ լավ չի հասկանում, արձագանքեց. «Չեմ կարա ասեմ, քանի որ ձյուն ա եկել, պաշտպանության նախարարության հետ պետք է ճշտվի։ Մեր մոտից տեսանելի չի, այսպես ասեմ»։ Բաղդասարյանը նշեց նաև, որ այս ընթացքում իշխանության  տարբեր պաշտոնյաներ այցելել են համայնք, գնացել սահման՝ դիրքեր. «Իրենք մեզ հետ չեն հանդիպել, գնացել են պոստեր։ Մնացածի վերաբերյալ ճշտումներ անելու համար դիմեք պաշտպանության նախարարությանը, ես վաբշե պաշտպանության հետ կապ չունեցող մարդ եմ, ես բնակիչների հետ եմ»։ 

Ակնկալվում է, որ այսօր նույնպես պատկան մարմինները կայցելեն տեղանք՝ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը ճշգրտելու։