Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոմատացված համակարգն այսօր հայտարարատուներին սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր է տրամադրել.կասեցվել է համակարգի հասանելիությունը.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ավտոմատացված համակարգն այսօր հայտարարատուներին սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր է տրամադրել.կասեցվել է համակարգի հասանելիությունը.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Հայաստան
17:43, 19 март 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 19-ին համակարգն ավտոմատացված կարգով ծանուցել է հայտարարատուներին՝ տրամադրելով սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր:

Այդ գաղտնաբառերն անհապաղ ոչնչացվել են և դրանք այլևս վավեր չեն: Անմիջապես կասեցվել է նաև համակարգի հասանելիությունը, որպեսզի բացառվի այդ մուտքանուններով և գաղտնաբառերով համակարգ մուտք գործելը կամ ցանկացած այլ գործողություն իրականացնելը:

Հանձնաժողովն այս կապակցությամբ հայցում է հայտարարատուների ներողամտությունը և վստահեցնում, որ այդ մուտքանուններով և գաղտնաբառերով տվյալների օգտագործման հնարավորությունները բացառված են։ Այն հայտարարատուները, ովքեր ստացել են սխալ մուտքանուն և գաղտնաբառ, առաջիկա օրերի ընթացքում կստանան վավեր և ճշգրիտ գաղտնաբառեր և մուտքանուններ, հնարավորություն կունենան լրացնել հայտարարագրերը:

Հիշեցնենք նաև, որ խնդիրը վերաբերում է միայն 2021 թվականի մարտի 19-ին ծանուցում ստացած հայտարարատուներին: Բոլոր այն հայտարարատուները, ովքեր ծանուցվել են ավելի վաղ, կարող են օգտագործել իրենց մուտքանունը և գաղտնաբառը։ Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի 2021 թվականի մարտի 20-ից: