Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ը հերքում է Նաիրա Զոհրաբյանին

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ը հերքում է Նաիրա Զոհրաբյանին
Հայաստան
19:31, 20 март 2021
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել և հերքել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հրապարակած տեսանյութում ներկայացվող լուրերը․

«ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է հանրապետությունում՝ այդ թվում Երևան քաղաքում, թափառող շների խնդրին: Պատգամավորն իր խոսքում հրապարակել է մայրաքաղաքում թափառող շների խնդրով զբաղվող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ի նախորդ տարվա ընթացքում ստացած գումարի քանակը: Նշենք, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կենտրոնը ստացել և ծախսել է պատգամավորի նշած թվից 50 միլիոն դրամով պակաս գումար:

Նաիրա Զոհրաբյանը պնդել է նաև, թե ՀՈԱԿ-ը քաղաքացիների հետ շփման ընթացքում նշում է, թե չի կարող լուծել խնդիրը Նաիրա Զոհրաբյանի հեղանակած օրենքի նախագծի ընդունման պատճառով, այն է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացումը: Այս տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը: Այդ են վկայում համացանցում և մամուլում տեղ գտած այն բազմաթիվ հրապարակումները, որոնցում ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը հստակ նշում է, որ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրենքը շատ կարևոր և լավ օրենք է: Այս օրենքը չի կարող խոչընդոտել և չի խոչընդոտում կառույցի գործառույթների իրականացմանը: 

Աշխատակիցներից ոչ մեկը քաղաքացիների ահազանգերը չի մերժում օրենքի հիշատակմամբ: Թեժ գծի պատասխանատուն օրենքին հղում է անում և իրազեկում քաղաքացուն այն դեպքում, երբ վերջինս սպառնում է, թե կսպանի, կկրակի կամ կթունավորի շներին: Ընդ որում, այդ հղումն արվում է առանց պատգամավորի անվան հիշատակության:

Կենտրոնի ստացած ահազանգերի ծանրակշիռ մասը լինում է այն մասին, որ քաղաքացիները դժգոհում են շների հաչոցից՝ դա անվանելով ագրեսիա: Ակնհայտ է, որ հաչոցը միշտ չէ, որ ագրեսիա է, և բնակիչների համար բարդ է տարբերել իրական ագրեսիան: Շների՝ ՀՈԱԿ-ի կլինիկա տեղափոխվելուց հետո անգամ, մի քանի օր է անհրաժեշտ լինում, որպեսզի մասնագետները կարողանան հասկանալ՝ ագրեսիվ է շունը, թե ոչ:

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ կենտրոնի գործառույթը ստերջացման միջոցով շների գլխաքանակի կանոնակարգումն է և ոչ վերջիններիս համատարած հավաքն ու տեղափոխոթյունը, ինչը մեծամասամբ պահանջում են քաղաքացիները: 

Չկա և չի կարող լինել գեթ մեկ ահազանգ, որի հետքերով կառույցը չի գնում և չի իրականացնում աշխատանքներ՝ գործառույթներին համապատասխան: Այս համատեքստում՝ կառույցի անգործության մասին պատգամավորի պնդումը համարում ենք անհիմն»: