Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խախտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջոցով պետք է դիմել ՄԽ-ին և այստեղ միջազգային խաղաղապահ ուժեր բերել․ քաղաքագետ

Խախտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջոցով պետք է դիմել ՄԽ-ին և այստեղ միջազգային խաղաղապահ ուժեր բերել․ քաղաքագետ
Հայաստան
16:36, 28 март 2022
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ստիպված են արձանագրել՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։ 

«Խորքում ռուս-թուրքական գործարքն է, ես կարծում եմ՝ Շոյգուի այն հայտարարությունը, որ «մենք Ադրբեջանում լավագույն օպերացիա իրականացրինք», տրամաբանորեն շարունակվում է այլ դրսևորումներով։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա մի բան՝ Ռուսաստանի դաշնակիցը, ինչքան էլ իր համար ցավալի է, ինչքան էլ հայությունը դա չի ուզում ընդունել, Ադրբեջանն է, մենք չենք։ Կարծում եմ՝ Ռուսաստանը իր սոփեստություններով, օգտվելով նաև Հայաստանի ռուսասիրությունից, օգտվելով նաև Հայաստանում 5-րդ շարասյան իր ներկայացուցիչներից, հերթական կոնֆլիկտն է հրահրում, ուրիշ բան չկա տակը»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Այնուհետև դիմելով արցախահայության մեր հայրենակիցներին՝ քաղաքագետն ասաց, որ նրանք հետևեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, Մարիուպոլ քաղաքում, որը շրջափակված է, և ուկրաինացիները հերոսաբար չեն լքում իրենց քաղաքը և պաշտպանում են, առաջարկում է առաջին հերթին հայրենադարձություն իրականացնել, որովհետև հողը և հայրենիքը պաշտպանում են այդ հողում ապրելով։

«Ես առաջարկում եմ մեր հայրենակիցներին, այստեղ ՀՀ կառավարության փեշերից կախվելու փոխարեն, հավաքել իրենց այստեղ ծվարած գեներալներին և ուղղվել դեպի Արցախի պաշտպանությանը։ Երկրորդը՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ճշգրտումներ պետք է անի։ Նաև կարծում եմ՝ այստեղ ռուս խաղաղապահների լեգիտիմության և անզորության հարց կա։ Մեր իշխանությունն ինչ-որ ճանապարհով պետք է  այդ դիսկուրսը դնի շրջանառության մեջ, և կփորձենք հնարավոր տարբերակներով միջազգային խաղաղապահ ուժերի հարց բարձրացնել, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանը, թեկուզ ենթադրենք՝ չի կարողանում, բայց, ըստ էության, չի ուզում կատարել իր պարտականությունը, և խախտվել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն իբր թե միջազգային իրավականություն և լեգիտիմություն ունի»,- ասաց քաղաքագետը։ 

Նա նաև ասաց, որ ԱՄՆ Պետդեպի և Ֆրանսիայի հայտարարությունները՝ կապված սահմանային լարվածության հետ, լավագույն հնարավորությունն են հենց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջոցով, որոնք նաև ՄԽ համանախագահության շրջանակներում են, դիմելու ՄԽ-ին և այստեղ միջազգային խաղաղապահ ուժեր բերելու։

Քաղաքագետի խոսքով՝ սրանք արտաքին հարցերն են, բայց մեզ շատ արագ պետք է բանակը կարգի բերել, տնտեսությունը կարգի բերել և այս 5-րդ շարասյուն կոչվածին պետք է ճզմել, որովհետև սրանք խցկվել են Հայաստանի խորհրդարանի մարմնի մեջ, շարունակում են այնպես անել, որ պետությունը պարապուրդի մատնվի, անընդհատ քայքայեն պետության ներքին կյանքը։ 

«Ես չգիտեմ՝ իրենք ադրբեջանցիների հետ հատուկ պայմանավորվածություն ունեն, թե ոչ, կարող է և ունենան, ով գիտի, դրանցից ամեն ինչ սպասելի է, բայց արտաքին դիտարկումով իրենց գործողությունների համընկնումն ակնհայտ է, իրենք սինխրոն են աշխատում և աշխատում են Արցախի ու ՀՀ շահերի դեմ»,- ասաց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան