Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոալիցիա է ձևավորել՝ բացառելու ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և ռազմական օժանդակությունը Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոալիցիա է ձևավորել՝ բացառելու ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և ռազմական օժանդակությունը Ադրբեջանին
Հայաստան
13:34, 29 март 2022
Տևական ժամանակահատված է, ինչ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից զրկելու, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղություններով։

Ասվածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչև Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների, պետական և պաշտպանության դեպարտամենտների հետ հարաբերություններ և այլն։ Խնդիրն ավելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում։

2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, ի դեմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների և F-16 կործանիչների, ամերիկյան օրենսդրության կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրենսդրության համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառվել երրորդ երկրի կողմից և հատկապես չի կարող կիրառվել թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Այս և պատերազմական հանցագործությունների տարրեր պարունակող բազմաթիվ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկարատև աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակությանն ու զենքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղությամբ։ Հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի սկզբին առավել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին և Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Մարտի սկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակը հրապարակել էր զեկույց՝ արձանագրելով, որ  ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտները 2014-2020թթ. հաշվի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության ազդեցությունը երկու երկրների միջև հավասարակշռությունը չխախտելու համատեքստում։ Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել նաև Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև համոզված չեն եղել, որ տրամադրվող օժանդակությունը չի օգտագործվի ընդդեմ Հայաստանի։

Այս և սրանց նախորդող բազմաթիվ այլ զարգացումներ, որոնցից, օրինակ, ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության առումով բավական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երեկ դժգոհել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում հայտարարել է, որ հայկական և հունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների և արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Հարկ է նշել, որ Թուրքիային և Ադրբեջանին վաճառվող/տրամադրվող ամերիկյան ռազմական արտադրանքի վրա արգելանք դնելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառմանը և «907-րդ հոդվածի» պահանջների վերականգնմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առևտրի դադարեցմանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ