Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ որոշումն ինքնին կանխարգելիչ բնույթ կրող փաստաթուղթ է և ուղղված է հայ գերիների կյանքին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգի վերացմանը

ՄԻԵԴ որոշումն ինքնին կանխարգելիչ բնույթ կրող փաստաթուղթ է և ուղղված է հայ գերիների կյանքին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգի վերացմանը
Հայաստան
13:22, 30 март 2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 2020թ. հոտեմբերի 27-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատը ներկայումս գտնվում է ընդունելության փուլում, ինչը նշանակում է, որ այժմ խոսք լինել չի կարող ՄԻԵԴ-ի կողմից որևէ խախտման արձանագրման մասին։ Այս մասին Civic.am-ին հայտնել են Հայաստանում միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից և ընդգծել, որ մինչ օրս ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի դեմ որևէ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր դիմումները։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ուղարկած մեր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված միջպետական գանգատի քննությամբ ինչ խախտումներ է արձանագրել ՄԻԵԴ-ը, և Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ 

Ինչ վերաբերում է մեր այն հարցին՝ ի՞նչ փուլում է Հայաստանի կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը, Դատարանը ի՞նչ որոշումներ է կայացրել, Գրասենյակից պատասխանել են. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2021թ. հուլիսին կոմունիկացրել է ՀՀ կողմից ընդդեմ Ադրբեջանի 2020թ. սեպտեմբերի 27-ին ներկայացված և 2020թ. հոտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ներկայացված միջպետական գանգատները։ Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը կողմերին հարցեր է ուղղել գործերի ընդունելիության վերաբերյալ և կառավարություններին ժամանակ տրամադրել իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։ Ի լրումն՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա Ադրբեջանի դեմ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի 2020թ. սեպտեմբերի 29-ին կայացրած որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ»։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ,  ինչպես նաև այն հանգամանքին, որ Դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը քննում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում, Գրասենյակից ընդգծել են հետևյալը. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից հավաքագրվում և ուսումնասիրվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման խախտումները վկայող փաստական հանգամանքները»,- և հավելել, որ Ադրբեջանում տիրող հայատյաց քաղաքականության, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության վերացման և յուրացման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց կոնվենցիոն իրավունքների խախտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև Դատարանում քննվող վեճի սրմանն ուղղված ցանկացած գործողություն փաստաթղթավորվում է Գրասենյակի կողմից և ներկայացվելու է վերոնշյալ գործի շրջանակներում Դատարան մուտքագրվող հայցադիմումի հետ մեկտեղ. «Դատարանի կողմից կայացված որոշումն ինքնին կանխարգելիչ բնույթ կրող փաստաթուղթ է և ուղղված է անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգի վերացմանը: Որոշման ցանկացած խախտում մանրամասն քննվելու է Արդարադատության միջազգային դատարանում ընթացող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական վարույթի շրջանակներում»:

Նարա Մարտիրոսյան