Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրավունք չունենք տանուլ տալ այն կյանքը, որը մեզ տրվեց չապրած երիտասարդ կյանքերի գնով»․ Սոնա Վանյան

«Իրավունք չունենք տանուլ տալ այն կյանքը, որը մեզ տրվեց չապրած երիտասարդ կյանքերի գնով»․ Սոնա Վանյան
Հայաստան
15:50, 21 март 2021
Լույս է տեսել լրագրող-գրող Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» գիրքը։ Այն իրապատում պատմվածքների ժողովածու է՝ նվիրված 2020 թվականի Արցախյան պատերազմի հերոս հայորդիներին։ Գիրքն իր մեջ ներառում է 25 զոհված հերոսների պատմությունները։ 

Հեղինակի խոսքով՝ գրքի հերոսները ընդհանրական կերպարներ են։ Նկարագրություններն էլ վերցված են իրական պատմություններից և վկայություններից։ 

Գրքի շնորհանդեսին ներկա էին 25 զոհված զինվորների ծնողները, որոնց զավակների պատմությունը ներառված է գրքում։ «Պատերազմի թեժ օրերին աշխատում էի որպես լրագրող և իմ խնդիրն էր պատրաստել հոդվածներ, այն հերոսների մասին ովքեր նահատակվեցին։ Հասկանում էի, որ այդ օրհասական պահերին հոդվածները մեծ դիտելիության էին արժանանալու, բայց գալու էր պահը, որ դրանք մոռացության մատնվեին, և հենց այդ պահին էլ իմ մեջ միտք առաջացավ ստեղծել այնպիսի ժողովածու, որը երկար կապրի, որը երկար կապրեցնենք»֊․- պատմում է գրքի հեղինակը։ 

Այսպես էլ սկսվել է գրքի պատմությունը։ Հեղինակը կապ է հաստատել նահատակված զինվորների ծնողների, բարեկամների, ընկերների և նրանց հետ այլ կապեր ունեցող մարդկանց հետ։  

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ հորինել այսքան պատմություններ։ Ես ոչ մի պատմություն չեմ հորինել, ես այդ ամենը կարդացել եմ զոհված տղաների աչքերում, կարդացել եմ նրանց մայրերի արցունքների հեղեղում, հոր կարոտի, քրոջ անվերջ սպասման ու սիրած աղջկա սառած շուրթերին։ Եվ այսօր ժողովածուն ունի մեկ շատ կարևոր խորհուրդ ՝ մենք իրավունք չունենք տանուլ տալ այն կյանքը, որը տրվեց չապրած կյանքերի գնով»,-֊ ասաց հեղինակը։ 

«Մարդը և մարտը» գրքի երկրորդ ժողովածուն նվիված է լինելու այն հերոսներին, ովքեր բախտավոր գտնվել և վերադարձել են։

Սիլվի Պետրոսյան