Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից ՊԲ դուրսբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում. Փառուխի դեպքերը վկայում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա Ցեղասպանության զոհ. Վարչապետ

«Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի ձևավորման քաղաքականություն»,- այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության  հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը, և հավելեց, որ Ադրբեջանը հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ, ապա Հայաստանին մեղադրում այդ թեզերին, առաջարկներին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու համար, այնուհետև Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր բազմիցս կրկնվող գործելակերպով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի լեգիտիմություն ձևավորել: «Իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ երբեմն էական դերակատարում է ստանում ֆեյք նյուզը: Այդ համատեքստում վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանը աղաղակող ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Հայաստանն իր բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար. «Մեր Սու-երը մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամենից շատ շահարկվածը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության թեման է. «Ադրբեջանը շարունակ պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը, իր 5-կետանոց առաջարկները, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ ՀՀ պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքելու խաղաղության պայմանագիր. ՀՀ-ն արձագանքել է թե աշխատանքային, թե դիվանագիտական խողովակներով»:

Ինչպես նշեց վարչապետը, Ադրբեջանը ՀՀ արձագանքը համարում է արձագանքի բացակայություն, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ կա ԼՂ հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը, և միջազգային հանրությունն էլ է խոսում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման մասին, մինչդեռ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը լուծված է. «Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել ԼՂ հիմնախնդիրը, այլ փակել այն, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին հանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար»:

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի ձևակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում: Փառուխի իրադարձություններն են վկայում, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա Ցեղասպանության զոհ»: