Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը փորձում է Արցախի եւ Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել. տեսանյութ

«Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի ձևավորման քաղաքականություն»,- այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության  հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը, և հավելեց, որ Ադրբեջանը հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ, ապա Հայաստանին մեղադրում այդ թեզերին, առաջարկներին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու համար, այնուհետև Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր բազմիցս կրկնվող գործելակերպով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի լեգիտիմություն ձևավորել: «Իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ երբեմն էական դերակատարում է ստանում ֆեյք նյուզը: