Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9 հայտարարությունը չի՛ նախատեսում ՀՀ տարածքով որևէ միջանցքի բացում. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան

Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերվում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկմանը: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս մասով առաջարկներ է ներկայացրել, որոնց էությունը հետևյալն է՝ վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը.

«Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով, նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը ըստ եռակողմ հայտարարության գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Բացի սա՝ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի և Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»,- ընդգծեց Փաշինյանը։