Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 458 000 ծառ, 10 ավտոբուս, պլաստիկ թափոնները շինանյութի վերածող 2 կայան

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 458 000 ծառ, 10 ավտոբուս, պլաստիկ թափոնները շինանյութի վերածող 2 կայան
Հայաստան
21:27, 21 март 2021
Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», որը Եվրամիության կարևորագույն գերակայություններից մեկն է առաջիկա տարիների համար:

Օդի աղտոտվածությունը, անտառային ռեսուրսների քայքայումը, հողերի էրոզիան, ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը Հայաստանի առջև ծառացած հիմնական բնապահպանական մարտահրավերներից են:

Անտառների միջազգային օրը մենք ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ կողմից ֆինանսավորվող երկու նոր ծրագրերի մեկնարկի մասին:

«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվում է Armenia Tree Project-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, կնպաստի կանաչ քաղաքաշինության ու կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը:

Առաջիկա 3 տարիներին ծրագիրը նախատեսում է հիմնել տնկարաններ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար:

Բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախ համայնքներում 7000 դպրոցականներ կվերապատրաստվեն և կներգրավվեն բնապահպանական կրթության, իրազեկության բարձրացման արշավների, էկոակումբների, էկոճամբարների և ողջ երկրով մեկ իրականացվելիք աղբի մաքարման ամենամյա նախաձեռնություններում:

Քաղաքային կայուն կառավարման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվելու Վանաձորի, Գյումրիի և Պիլայի (Լեհաստան) քաղաքապետարանների կողմից՝ Տեղական ինքնակառավարման մարմիններ․ համագործություն հանուն կայուն քաղաքների 2020 հայտամրցույթի շրջանակներում։

«Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագիրը կաջակցի Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարաններին ավելի կանաչ միջավայր ստեղծելու իրենց քաղաքացիների համար: Մասնավորապես, ծրագրի աջակցությամբ առաջիկա 3 տարիների ընթացքում կշահագործվեն 10 ժամանակակից և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, կգործարկվի պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան, կտեղադրվեն 700 աղբարկղ` տնային տնտեսությունների թափոնները տեսակավորելու նպատակով, ինչպես նաև երկու համայնքներում կներդրվեն Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր:
Ծրագիրն ունի նաև հանրային իրազեկության բարձրացման բաղադրիչ և խթանելու է վարքագծի փոփոխություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ թափոնների տեսակավորումն ու վերամշակումը:

Կանաչապատման լավ ծրագրված միջամտությունները, ինչպիսիք են օրինակ ծառատունկը կամ համայնքային այգեգործությունը կարող են օգնել հակազդելու անտառահատումների բացասական հետևանքները, կանխելու հողի էրոզիան, բարելավելու օդի որակն ու ստեղծելու հարակից համայնքներում բնակվող մարդկանց համար հավելյալ կենսամիջոցներ:
Ահա թե ինչին են միտված լինելու այս տարի մեկնարկած ծրագրերը: