Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվում են Հայաստան-Ադրբեջան առկա երկաթգծերի և ավտոմոբիլային ճանապարհների բացման հարցերը․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Քննարկվում են Հայաստան-Ադրբեջան առկա երկաթգծերի և ավտոմոբիլային ճանապարհների բացման հարցերը․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
Հայաստան
17:41, 22 март 2021
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունից և պատերազմի դադարից հետո երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում 2021թհունվարի 11-ին հանդես եկան հերթական հայտարարությամբ՝ աշխատանքային խումբ ստեղծել ապաշրջափակելու տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի կողմից այդ աշխատանքային խումբը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Civic.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ տեղեկանալու Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաների ապաշրջափակման մի շարք հարցերի վերաբերյալ։  

Փոխվարչապետի գրասենյակից՝ ի պատասխան մեր այն հարցի, թե կոմունիկացիաների բացման հարցերը քննարկվում են միա՞յն Հայաստանի և Ադրբեջանի համար, թե՞ նաև Հայաստան-Թուրքիա երկաթգծի բացման հարցեր են քննարկվում, նշել են «Աշխատանքային խումբը ձևավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի դիտարկման համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի և Ադրբեջանի տարածքները»։

Ինչ վերաբերում է այն հարցին՝ օգտագործվելու՞ են Հայաստան-Ադրբեջան նախկին երկաթգծերը, թե՞ նորերն են կառուցվելու, գրասենյակից պատասխանել են, որ քննարկվում են առկա երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները։ 

«Քննարկման շրջանակը վերաբերում է տրասնպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերին, ինչը հնարավորություն կնձեռի ոչ միայն Հայաստանի համար, այլև կնպաստի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանը»,-գրված է պատասխանում։ 

Ի՞նչ փուլում են գտնվում Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային բանակցությունները և ե՞րբ է նախատեսվում արդեն իսկ գործնական քայլեր իրականացնել։ Այս հարցերին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հետևյալ կերպ է արձագանքել «Ներկա փուլում տարվող աշխատանքները կենտրոնացած են տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման խնդրից բխող տեխնիկական հնարավորությունների, ծախսերի և հնարավոր ժամկետների հաշվարկների, ինչպես նաև հնարավոր իրականացման իրավական հենքի շրջանակի հստակեցման վրա։

Մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2021թ հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերից»։ 

Մեր գրավոր հարցման պատասխանում նշված է նաև, որ ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում անվտանգության՝ սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով «Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում։ Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակել»։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը օրերս նշել էր, որ Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ։ Մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից նաև հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք պարտադիր պայման է լինելու նախքան կոմունիկացիաների բացումը գերիների վերադարձը։ 

«Ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում»,-պատասխանել էին փոխվարչապետի գրասենյակից։

Նարա Մարտիրոսյան