Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հո փողոցային կռիվ չի լինելու, ուժ չենք կիրառելու՝ կաբինետից հանենք»․ Օնիկ Գասպարյանի փաստաբանը կդիմի դատախազություն

«Հո փողոցային կռիվ չի լինելու, ուժ չենք կիրառելու՝ կաբինետից հանենք»․ Օնիկ Գասպարյանի փաստաբանը կդիմի դատախազություն
Հայաստան
18:34, 22 март 2021
«Իրավական առումով ունենք դատական ակտ, որը պարոն Գասպարյանին դիտում է որպես գործող շտաբի պետ: Այդ դատական ակտն ասում է, որ մինչ օրս Գասպարյանն ազատված չէ պաշտոնից: Հետևաբար, պարոն Գասպարյանը շարունակելու է իր պայքարը իրավական հարթության մեջ: Մենք մեր հայցերից չենք հրաժարվելու: Ավելին`հայցերը վերամշակելու ենք`հաշվի առնելով այսօրվա իրողությունները և վարչապետի հայտարարությունը»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան տեղեկացրեց, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է նշանակված  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Դրանից հետո վարչապետը արդեն ՊՆ-ում Գլխավոր շտաբին ներկայացրեց Դավթյանին:

Նշանակմանը հաջորդեց Արտակ Դավթյանի հայտարարությունը այն մասին, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց,իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ 
«ՀՀ զինված ուժերը,ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ,քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը,անվտանգությունը,տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»,- ասվում է Դավթյանի ուղերձում։ 

Օնիկ Գասպարյանի փաստաբանն ասաց, որ իրենք նախապատրաստվում են  հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն հանցագործության մասին Վարչապետի ու Պաշտպանության նախարարի   վերաբերյալ ՝ այն հիմքով, որ այդ երկու պաշտոնատար  անձիք որոշ դեպքերում՝ գործողությամբ, որոշ դեպքերում՝ անգործությամբ, խմբային շահերից ելնելով խոչընդոտում են, որ  Օնիկ Գասպարյանը կատարի իր՝ դատական ակտով որոշված  պաշտոնից բխող լիազորությունները։ 
«Այդ անձիք խոչընդոտում են պարոն Գասպարյանին իրականացնել իր լիազորությունները: Այնտեղ ներքին ընթացակարգեր կան, հրամաններ պետք է արձակվեն, բայց Պաշտպանության նախարարը դիտավորյալ անգործություն է ցուցաբերել, որպեսզի պարոն Գասպարյանը չկարողանա ԳՇ պետի լիազորությունները կատարել: Սա մենք դիտում ենք պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ խմբային շահերից ելնելով և կդիմենք դատախազություն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Օնիկ  Գասպարյանը գնալու է մինչև վերջ իր խախտված իրավունքները իրավական ճանապարհով վերականգնելու համար: 

Օնիկ Գասպարյանի պաշտպանը տեղյակ չէր՝ այսօր Գասպարյանը աշխատանքի գնացե՞լ է , թե՞ ոչ, բայց եթե ԳՇ-ում ֆիզիակապես մարդ կա, որը դիտարկվում է ԳՇ պետ, ապա  իրենք չեն պատրաստվում ուժ կիրառել և որեւէ մեկին աշխատասենյակից հանել. «Հո փողոցային կռիվ չի լինելու, ուժ չենք կիրառելու: Պարոն Գասպարյանը ընտրել է իրավական ճանապարհը: Չեն ուզում, որ ինքը էս պահին ԳՇ պետ աշխատի, չի աշխատի այս պահին, մինչև որ կլինեն հերթական անակնկալները դատական ակտերի տեսքով կամ ավելի լուրջ բաների տեսքով»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:
Արփի Հարությունյան