Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 մլրդ-ը չի մսխվում, Ոստիկանությունից հայտնում են, որ Պարեկային ծառայության օտարազգի դասախոսները կրթահամալիրից չեն վարձատրվել

20 մլրդ-ը չի մսխվում, Ոստիկանությունից հայտնում են, որ Պարեկային ծառայության օտարազգի դասախոսները կրթահամալիրից չեն վարձատրվել
Հայաստան
20:26, 22 март 2021
Օրեր առաջ ընդդիմադիր մամուլը տարածել էր ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, լեյտենանտ Հայկ Սարգսյանի գրառումը, թե նոր ստեղծվող Պարեկային ծառայությունում ԱՄՆ-ից և Վրաստանից բերված դասավանդողները հակառուսական քաղաքականություն են վարում:

«ԱՄՆ-ի քաղաքականությանը դեմ արտահայտվող կամ ռուսամետ հայացքներ ունեցող սովորողներն իրենց քաղաքական հայացքների համար հեռացվում են ծառայությունից»,- գրել էր ոստիկանության նախկին աշխատակիցն ու հավելել, թե օտարերկրյա դասախոսներին պետական բյուջեից են վճարում և այդպիսով մսխվում է հերթական 20 մլրդ դրամը։ 

Civic.am-ը հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ ճշտելու, թե Պարեկային ծառայության դասախոսներից քանիսն են օտարերկրացի և որքան են վարձատրվում։

«Բաց մրցույթով ընտրված դասախոսներից 144-ը ՀՀ քաղաքացի են, իսկ 1-ը ԱՄՆ քաղաքացի է։ Մրցույթը հաղթահարած դասախոսներն անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք վարել են ԱՄՆ դեսպանության միջոցով հրավիրված մասնագետներ ԱՄՆ-ից և Վրաստանից, որոնք ունեցել են փորձառություն իրենց երկրներում Պարեկային ծառայության կրթության կազմակերպման հարցում»,- պատասխան գրություն է ուղարկել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունը և մատնանշել, որ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող դասախոսն ու հայ դասախոսներին վերապատրաստած օտարազգի մասնագետները չեն վարձատրվել Ոստիկանության կրթահամալիրի կողմից։

Ինչ վերաբերում է ռուսամետ հայացքների համար Պարեկային ծառայությունից դուրս մնացող սովորողների հարցին՝ Ոստիկանությունն ընդգծել է, որ որևէ սովորող Կրթահամալիրից չի ազատվել ռուսամետ հայացքներ ունենալու կամ ԱՄՆ քաղաքականությանը դեմ արտահայտվելու հիմքով․ «Ավելին, կրթահամալիրում սովորողների քաղաքական հայացքները պարզելու ընթացակարգ  առկա չէ, ինչը բխում է Ոստիկանությունում քաղաքական չեզոքության սկզբունքի էությունից»։

Ոստիկանության նախկին աշխատակից՝ լեյտենանտ Հայկ Սարգսյանը նաև նշել էր, թե Պարեկային ծառայությունում դասընթացների ժամանակ «Անկեղծության թեստ» է անցկացվում, ըստ որի, դասախոսի կողմից հարց է ուղղվում՝ արդյոք Պարեկային ծառայողը մերսում կանի տրանսվիստիտին, և եթե պատասխանը բացասական է լինում՝ սովորողը հեռացվում է ծառայությունից։  

ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էինք նաև՝ դասընթացների ընթացքում իրականացվում է գենդերային քաղաքականություն և եթե այո, ապա որ համատեքստում։ Ի պատասխան այս հարցի՝ վարչությունից նշել են, որ նոր Պարեկային ծառայությունը և ընդհանրապես ամբողջ Ոստիկանությունը բաց է իգական և արական սեռի սովորողներ ներգրավելու համար։ Եվ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման շրջանակներում դասավանդվում է «Ոստիկանության ծառայողի էթիկա և բարեվարքություն» մոդուլը, որի ուսումնառության արդյունքներից մեկն է՝ «ներկայացնել հանդուրժողականությունը, ոչ խտրական և պատշաճ վերաբերմունքը մասնագիտական գործունեության ընթացքում»։ 

Հիշեցնենք, որ 2020թ․ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում մեկնարկեց նոր Պարեկային ծառայության ստեղծման գործընթացը, որտեղ ներկայումս սովորում է շուրջ 707 ուսանող։ Նոր Պարեկային ծառայության գործառույթները ներառելու են նաև ներկայիս Պարեկապահակային ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատանքները։

Նշենք նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության համար ծրագրերը դեռև 2019թ․-ին գնահատվել էին 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ։
 
 
Նարա Մարտիրոսյան